ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը` դառնալ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուն, Արմեն Սարգսյանի համար «անսպասելի սպասվածն էր»:  Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնին առաջադրված Արմեն Սարգսյանը։

«Կարելի է ասել, որ սա անսպասելի սպասվածն էր: Բազմիցս իմ անունը այս կամ այն մարդիկ շահարկել են, ամեն նախագահական ընտրությունների, վարչապետի նշանակման ժամանակ, ընդ որում դրան շատ հանգիստ էի վերաբերվում: Սակայն 2000 թվականից հետո, երբ հեռացա դիվանագիտական աշխատանքից,  ինչ որ իմաստով դարձա ազատ մարդ, կյանքս փոխվեց դեպի համալսարան, դեպի միջազգային ինստիտուտներ, դեպի խորհրդատվական աշխատանք մեծ ընկերությունների հետ: Նախ և առաջ, ես շատ լավ վարձատրվում էի, և դա հոյակապ փորձ էր ինձ համար և երկրորդը՝ հոյակապ դպրոց էր՝ փորձել այն մտքերը, այն առաջարկները, որոնք կան իրական կյանքում, որոնք կան  տնտեսության մեջ, և երրորդը, սովորել նախ և առաջ էներգետիկ ոլորտը, նավթային ոլորտը, հեռահաղորդակցության ոլորտը, մի շարք ուրիշ ոլորտներ, այսինքն, իրական կյանք մտա այդ ճանապարհով»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը։

Նա նշել է, որ երբ Սերժ Սարգսյանն առաջարկել է նախագահի պաշտոնում առաջադրել իի թեկնածությունը՝ շատ անսպասելի չի եղել, բայց դրանից առաջ խոսակցություն չի եղել նախագահի հետ. «Բնական է, որ ես իրենից պետք է ժամանակ խնդրեի։ Ես, իհարկե, շնորհակալ եմ հանրապետության Նախագահին, ու ինքնին առաջարկությունը շատ մեծ պատիվ է, շնորհակալ եմ ՀՀԿ-ին, որովհետև նա առաջարկում է ոչ միայն որպես նախագահ, այլ նաև որպես կուսակցության ղեկավար: Շնորհակալ եմ, որ նախագահը հասկացավ, որ ես պետք ունեմ ժամանակի, մտածելու: Եվ սա ձև չէ, իրականում շատ պարզ պատճառներ կան դրա համար: Հարցը միայնն առաջարկությունը չէ, այլ՝ ընդունում ես՝ ի՞նչ ես անելու, ի՞նչպես ես անելու: Հանրապետության Նախագահն առաջարկում է լինել հանրապետության նախագահ, որի բոլոր իրավասությունները, պարտականությունները շատ հստակ ձևակերպված են Սահմանադրության մեջ, ամեն ինչ շատ պարզ է: Մարդիկ կարող են գնահատական տալ՝ առանց իշխանության, չգիտեմ, առանց լիազորությունների, որոնց հետ ես, իհարկե, համաձայն չեմ, որովհետև եթե ուշադիր կարդան Սահմանադրությունը՝ կտեսնեն, որ Սահմանադրությունը որևէ սահմանափակ միապետություն չէ, այլ եվրոպական շատ խորհրդարանական հանրապետությունների նախագահների լիազորություններից ավելին»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով, դեսպան դառնալը ծրագրված չի եղել, և առաջարկն արվել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի այդ ժամանակվա դեսպան Կարինե Ղազինյանի մահից հետո. «Եղավ այն ողբերգական դեպքից հետո, երբ շատ լավ դեսպան Կարինե Ղազինյանը ծանր հիվանդությունից, վիրահատվելուց հետո Միացյալ Նահանգներում մահացավ։ Կարինեն ուսանողական ընկեր էր, որին ես Լոնդոնում շատ աջակցում էի ամեն ինչով, որպեսզի իր պարտականությունները կատարի։ Նա շատ եռանդուն, լեցուն,շատ հայրենասեր անձնավորություն էր։ Երկար ժամանակ դեսպանի տեղը դատարկ մնաց, երբ նախագահի հետ 2013 թ․ամռանը խոսում էինք, նա ինձ առաջարկեց վերադառնալ։ Այդ ժամանակ նույնպես ժամանակ խնդրեցի, որ մտածեմ, չնայած դեսպանի պաշտոնն ինձ համար ծանոթ էր։ Իրականում միևնույն է, այդ կոչումն առանց պաշտոնի կատարում էի՝ ներկայացնելով մեր երկիրը բոլոր հնարավոր ձևերով, սակայն խնդրեցի ժամանակ և ասացի՝ կհամաձայնեմ, եթե ես այդ աշխատանքը կատարեմ առանց վարձատրվելու՝ բոլոր իմաստներով` ո՛չ աշխատավարձ, ո՛չ տան վարձ, ո՛չ մի բան, այդ կերպ փորձելով ինչ որ կերպ աջակցել մեր հանրապետությանը , նախարարությանը, կառավարությանը, բյուջեին, քանի որ դեսպանի աշխատավարձը, մյուս ծախսերը բավականին մեծ են, և ընդհակառակը, իմ, ընտանեկան միջոցներից ներդրվել են տարբեր միջոցառումների համար»: