«Լիդիան Արմենիա» ընկերության հետ իր անունը կապելու պատմությունը հերթական սխալ ձեւակերպված կամ սուտ լուրերից մեկն է։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնին առաջադրված Արմեն Սարգսյանը։
«Ես եւ իմ ընտանիքի որեւէ անդամ երբեք այդ ընկերության բաժնետեր չենք եղել, չենք լինելու եւ չենք: Սա պարզ հստակ ձեւակերպում է։ «Լիդիան» ընկերության կամ Ամուլսարի պատմության հետ վերջին անգամ շփվել եմ հինգ տարի առաջ: «Լիդիան»-ը Կանադայում գրանցված բաց, թափանցիկ աշխատող ընկերություն է: Կանադան՝ լինելով լավագույն տարածքներից մեկը, որտեղ լեռնաարդյունաբերությունը լավ կազմակերպված է, հստակ են բաժնետերերի անունները, կարող են «գուգլ» անել ու կտեսնեն՝ արդյոք ես կամ ինձ հետ կապված որեւէ մեկը բաժնետեր եղել են, թե ոչ: Պատասխանը լինելու է՝ ոչ»,-ասաց նա:
Արմեն Սարգսյանի խոսքով, Լիդիանի հետ իմ հարաբերությունը հին պատմություն է. «Լիդիան» ընկերությանը ծանոթացել եմ երկու հոգու միջոցով։ Կարինե Ղազինյանը, որպես դեսպան, ասաց, որ կա այսպիսի ընկերություն, հետաքրքրված է Հայաստանով, երկրաբանությամբ է զբաղված։ Մյուսը Լիդիան ընկերության բաժնետեր ընկերություններից մեկի ղեկավարն է` անունը Ջոզեֆ Ուգուրլյան է։ Ջոզեֆը հայկական ծագում ունի, նա ինձ ներկայացրեց եւ առաջարկեց, որ ես խորհուրդ տամ, թե ինչպես Լիդիանն աշխատի Հայաստանում եւ առաջարկեց, որ ես դառնամ խորհրդատու։ Միայն այդ ֆունկցիայով, ընդ որում` անկախ խորհրդատու։ Այդ խորհուրդի անդամ ես եղել եմ ընդամենը երեք ամիս, որի ժողովներին նույնիսկ չեմ մասնակցել: Իմ կարծիքն առանձին շարադրել եմ ու հրաժարական տվել, դուրս եկել»,-ընդգծել է Արմեն Սարգսյանը՝ հավելելով, որ եթե կա ընկերություն, որը Հայաստանում հետաքրքրված է ներդրում անելու, ինքը պատրաստ եմ աջակցել, խորհուրդ տալ, որ գան Հայաստան: Այդպես է ստացվել «Կոկա Կոլա»-ին կամ HSBC բանկին Հայաստան»-ի դեպքում:



























