Հնագետները Նորվեգիայի հարավում գտնվող Թենսբերգ հինավուրց քաղաքում պեղումների ժամանակ լավ պահպանված արաբական շախմատի ֆիգուր են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է Նորվեգիայի մշակութային ժառանգության ուսումնասիրման ինստիտուտը (NIKU), փոխանցում է RG-ն:

Թենսբերգում նման գտածո առաջին անգամ է հայտնաբերվել, ինչն արդեն իսկ այն եզակի է դարձնում: Ֆիգուրը մոտ 800 տարեկան է: Այն պատրաստված է եղջերուի եղջյուրից: Ֆիգուրի բարձրությունը 30 մմ է, տրամագիծը՝ 26 մմ: Ֆիգուրը պատրաստված է արաբ վարպետների ավանդույթների համաձայն, որոնց արգելված էր մարդկային պատկերներ օգտագործել: Արաբական ծագման մասին են վկայում նաեւ բնութագրական նկարներն ու կետերով շրջանակները, որոնցով զարդարված է ֆիգուրը: Գիտնականները դեռ չեն պարզել, թե կոնկրետ ինչ շախմատային ֆիգուր է իրենց առջեւ: Սակայն նրանք կարծում են, որ ամենայն հավանականությամբ սա ձի է եղել: