«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է այսպես կոչված «Կրեմլյան զեկույցը», որում ներառված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապ ունեցող պետական պաշտոնյաների ու օլիգարխների ցանկը: Փաստաթղթում ներառված է 210 անուն, որոնցից 114-ը բարձրաստիճան պաշտոնյա ու պետական ընկերության ղեկավարներ են եւ 96 օլիգարխ, հայտնում է «Բի-բի-սի»-ն: Զեկույցում նշվում է, որ ցանկում ներառվել են 1 միլիարդ դոլարից ավելի կարողություն ունեցող գործարարները: Այս զեկույցում ներառված անձանց նկատմամբ ուղղակի պատժամիջոցներ չեն կիրառվում, գոնե առայժմ: Ինչպես հայտնում է Bloomberg-ը, չնայած ցանկում հայտնված անձինք չեն հայտնվում պատժիչ միջոցների տակ, ինչպիսին է հաշիվների սառեցումը կամ վիզաների արգելքը, նրանց ներառումը կարող է հետ կանգնեցնել ԱՄՆ-ում եւ Եվրոպայում գտնվող բանկերին եւ այլ կառույցներին նրանց հետ բիզնես վարելուց:
Առաջին հայացքից սա այնքան էլ չի առնչվում Հայաստանի հետ: Սակայն այդ ցանկում հայտնվել է, մասնավորապես, ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը, որը ներկայումս լայնորեն ներգրավվել է Հայաստանի տնտեսության մեջ: Նա մտադիր է իր «Տաշիր» խմբին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում շուրջ մեկ միլիարդ դոլարի ներդրումներ անել: Այդ գումարը նա պատրաստվում է ստանալ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից եւ Ասիական զարգացման բանկից: Եթե իրականանան այդ սպասումները, ապա նշված բանկերը կարող են խնդիրներ ունենալ Սամվել Կարապետյանի ընկերությանը վարկ տրամադրելու պատճառով: Այլ կերպ ասած, այդ վարկերը կարող են չտրամադրվել:
Ցանկում հայտնվել է նաեւ ռուսաստանցի հայտնի գործարար Օլեգ Դերիպասկան: Վերջինս նույնպես սերտորեն առնչվում է մեր տնտեսությանը: Նրան է պատկանում ռուսական «Ռուսալ» ընկերությունը, որի կազմում է նաեւ Երեւանի ալյումինի գործարանը՝ «Ռուսալ Արմենալը»: Այս ընկերությունը ներկայումս հաջողությամբ գործում է, արտադրում է Եվրոպայում մրցունակ արտադրանք, եւ «Կրեմլյան զեկույցը» կարող է խնդիրներ առաջացնել նաեւ մեր «Ռուսալ Արմենալի» համար:
Առայժմ սրանք միայն կանխատեսումներ են: Թե ինչ կլինի իրականում, դժվար է ասել: Անցած տարվա մարտին ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնվեց մասնավորապես «Ռոսօբորոնէքսպորտ» ռուսական ընկերությունը, որը Հայաստանին, ինչպես նաեւ Ադրբեջանին ռուսական սպառազինություններ մատակարարող միակ ընկերությունն է: Սակայն պատժամիջոցների պայմաններում այդ ընկերությունը շարունակել է մատակարարումները, եւ հրապարակային որեւէ տեղեկատվություն այն մասին, որ այդ ընկերության հետ համագործակցող որեւէ ընկերություն կամ պետական գերատեսչություն խնդիրներ է ունեցել ԱՄՆ-ի իշխանությունների հետ, չկա:
Ինչեւէ, ոչ ԱՄՆ-ում, ոչ էլ Ռուսաստանում դեռ որեւէ հստակ գնահատական չկա, թե ինչ հետեւանքներ կունենան ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի կիրառած նոր քայլերը: Ու թե ինչպես մենք մեր «մաշկի վրա» կզգանք դրանց հետեւանքները, դեռ հայտնի չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























