ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հունվարի 31-ի հանձնաժողովի նիստի ժամանակ կշտամբեց ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանին եւ նրա կողքին գտնվող կառավարության ներկայացուցիչներին:

Հարությունյանի վրդովմունքն էր հարուցել այն, որ կառավարությունը, նրա խոսքով, ի դեմս տարբեր նախարարների ճյուղային հանձնաժողովներին օրինագծերի փաթեթները մեծ ուշացումներով է ներկայացնում եւ փաստացի՝ վերջին պահին, ինչը պատգամավորներին զրկում է փաստաթղթերը  պատշաճ կերպով ուսումնասիրելու հնարավորությունից: «Պարոնայք, չի կարելի այդպես անել: Դրանից տուժում է մեր աշխատանքի որակը, սա անթույլատրելի է: Մենք պարզապես չենք հասցնում այդ օրինագծերին պատշաճ կերպով ծանոթանալ»,- դժգոհեց Հարությունյանը:

Ի պատասխան կառավարության ներկայացուցիչը համաձայնվեց դիտողության հետ եւ խոստացավ, որ այսուհետեւ կաշխատեն փաստաթղթերը ժամանակին ներկայացնել, որքանով դա հնարավոր կլինի: