Դատական օրենսգրքում փոփոխությունների մասին օրինագիծը առաջին ընթերցումից հետո որոշ փոփոխությունների է ենթարկվել, մասնավորապես, 12 կարեւոր փոփոխություն է եղել: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով, մասնավորապես, վերանայվել է դատարանների եւ վճռաբեկ դատարանների նախագահների գործերի հավասարաչափ բաշխման չափանիշից շեղման տոկոսը. «Այն այժմ գտնվում է 25-30 տոկոսի սահմաններում՝ կախված դատարանից եւ ծանրաբեռնվածությունից: Դատավորների թվաքանակի ավելացման առումով նախատեսում ենք ավելացնել 12-ով: Երկուսը մարզերի դատարաններում, դա տեղի կունենա 2019-ի հունվարի 1-ին, Արարատի եւ Արմավիր մարզերի դատարաններում, եւս երկուսը՝ վերաքննիչ քրեական դատարաններում, եւ 8-ը՝ Երեւանի եւ սնանկության դատարաններում»,-ասաց նախարարը:

«Դատական սանկցիաների շարքից հանվել են դատական տուգանքի վերաբերյալ կարգավորումները եւ այդ հարցը մենք կկարգավորենք շատ շուտով։ Օրերս ձեզ կներկայացնենք Դատավարական օրենսգրքում կատարվող փոփոխությունները։ Կարող է հարց առաջանալ, թե ինչու մենք որոշեցինք դատական տուգանքները հանել Դատական օրենսգրքի նախագծից ու տեղափոխել Դատավարական օրենսգրքեր։ Բանն այն է, որ նմանատիպ միջոցները, իհարկե, կոշտ միջոցներ են, կարող է պատահի, որ պրակտիկան ցույց տա, որ մենք էդտեղ պետք է լրացուցիչ մեխանիզմներ ներդնենք, ինչը սահմանադրական օրենքի մակարդակով կարգավորելու դեպքում շատ ավելի դժվար կլինի անել, քան եթե մենք դա կարգավորենք Դատավարական օրենսգրքում: Օրերս կներկայացնենք 3 օրենսգրքերում փոփոխությունների նախագիծ, որտեղ նույն ձեւ կնախատեսենք կարգավորումը, ինչպես կար առաջին ընթերցմամբ ընդունված դատական օրենսգրքում», - հայտարարեց Հարությունյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում անցած դեկտեմբերին առաջին ընթերցմամբ ընդունված Դատական օրենսգրքի նախագիծը դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ մինչեւ 100 հազար դրամի տուգանք է նախատեսում: Օրերս մոտ 1000 փաստաբանները հայտարարություն են տարածել՝ Ազգային ժողովից եւ կառավարությունից պահանջելով բացառել դատարանի կողմից տուգանքի տեսքով դատական սանկցիա կիրառելու հնարավորությունը: