Հաշվի առնելով 2017 թվականի ապրիլի 2-ին Հայաստանում կայացած ընտրությունների արդյունքները, «Ծառուկյան» դաշինքն առաջարկում է անցնել միայն համապետական համամասնական ցուցակներով ընտրությունների՝ հրաժարվելով պատգամավորության թեկնածուների տարածաշրջանային վարկանշային ցուցակներից: Այս մասին հունվարի 31-ին պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկմանը հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա գնահատմամբ՝ այս հարցով կառավարության բացասական եզրակացությունը լուրջ չէ եւ  «զբոսաշրջային ուղեցույց» է հիշեցնում, երբ իշխանությունները, արդարացնելով  ներկայիս համակարգը, այլ երկրներում գոյություն ունեցող քաղաքական կառավարման տարբեր մոդելներ են ներկայացնում: «Իսկ վերջում նրանք եզրակացության եկան, որ գործնականում գլոբալ կառավարման մոդելը, որը ցանկացած երկրում կարելի է հանգիստ կիրառել, գործնականում գոյություն չունի: Սակայն մենք դա առանց նրանց էլ գիտեինք»,- ասաց Զոհրաբյանը:

Նա վստահություն հայտնեց, որ ընտրությունների վարկանշային համակարգը լիովին ապաքաղաքականացրել է քաղաքական նախընտրական համակարգը, քանի որ թույլ է տվել իրենց թեկնածությունները առաջադրել այնպիսի անձանց, որոնք հեռու են քաղաքականությունից եւ ավելի շուտ բիզնեսի ոլորտն են ներկայացնում: