Ոչ միայն լրագրողների, այլ ցանկացած կառավարության ոչ անդամի մասնակցությունը սահմանափակում է ցանկացած քննարկում կառավարության նիստի ժամանակ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով այսօր կառավարության նիստում ընդունված որոշմանը, որը ենթադրում է, որ կառավարության նիստերը պետք է անցնեն դռնփակ ռեժիմով:
«Եթե դուք ձեր ընտանիքում ձեր տիկնոջ հետ վիճեք, դա մի բան է, իսկ եթե ներկա լինի երրորդ անձը, անմիջապես ձեր վեճը կստանա այլ երանգ: Դուք ստիպված հաշվի կառնեք երրորդ անձի ներկայությունը: Ձեր բանավեճը կամ ձեր փաստարկները ներկայացնելիս հաշվի կառնեք այլ անձանց ներկայությունը»,-ասաց Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով, կառավարությունը պետք է գործի անկաշկանդ, հակառակ դեպքում մենք կունենանք այլ երեւույթ, երբ իրականում բուռն քննարկումները տեղի են ունենում կառավարության նիստից դուրս:
«Դռնփակ նիստ անցկացնելը ժողովրդավարական է: Հարցերը քննարկելիս կառավարության անդամները պետք է հնարավորինս այդ քննարկմանը ակտիվ մասնակցեն: Այսօր, երբ այդ հարցերը քննարկվում են կառավարության նիստից դուրս, արդյունքում ստացվում է, որ ոչ բոլոր կառավարության անդամներն են մասնակցում այդ քննարկումներին»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ դռնփակ նիստերը թույլ են տալիս ժողովրդավարություն ապահովել կառավարության նիստի ներսում:



























