«Ծառուկյան» խմբակցությունը առաջիկայում սպասվող վարչապետի ու նախագահի սպասվող ընտրություններում թեկնածուներից տարբեր պահանջներ ունի, իսկ նրանց օգտին քվեարկելու վերաբերյալ կարծիք հայտնելու իրավունք չունի, քանի դեռ խմբակցությունը որոշում չի կայացրել։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հայտարարեց, որ ՀՀԿ–ի նախագահի թեկնածուի հետ հանդիպման պայմանավորվածություն դեռ չկա։  Ամենայն հավանականությամբ Արմեն Սարգսյանը «Ելք»–ի եւ «Ծառուկյան» խմբակցությունների հետ կհանդիպի հաջորդ շաբաթ։

Հարցին, այնուամենայնիվ, «Ծառուկյան» խմբակցությունը ի՞նչ հարցեր ունի Արմեն Սարգսյանին, որոնց վերաբերյալ նրա պատասխանները պիտի դառնան «կողմ» քվեարկելու հիմնավորում, Պետրոսյանը պատասխանեց. «Արմեն Սարգսյանին տրվելիք հարցերը նախեւառաջ պետք է պայմանավորված լինեն իր ասելիքով, որովհետեւ դա իմ խորին համոզմամբ ասուլիս չէ, որ  որեւէ մեկը գա ու անմիջապես պատասխանի իր հարցերին։ Նախ պետք է լսենք՝ ինչ ծրագիր ունի ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հավակնություն ունեցող անձը։  Գաղտնիք չէ, որ մեր երկիրը գտնվում է սոցիալական տնտեսական ծանր վիճակում, եւ մեզ՝ «Ծառուկյան» դաշինքի համար ցանկալի է այն թեկնածուն, ով մեր ժողովրդին դուրս կբերի այս անմխիթար վիճակից»։

Մեր դիտարկմանը՝ իր բնութագրած անմխիթար վիճակից դուրս բերելու բոլոր լծակները  կապված են ՀՀԿ–ի կառավարության հետ, որը «Ծառուկյան» խմբակցության քննադատության թիրախում է, նա արձագանքեց.  «Ձեր հարցադրման տրամաբանությունից եթե ելնենք, կստացվի՝ ոչ իշխանական ուժերը բացարձակապես պետք է մերժեն ցանկացած անձի թեկնածություն՝  ելնելով այն կանխավարկածից, որ այդ թեկնածուի ակունքը գտնվում է  Հանրապետական  կուսակցությունում, նաեւ ուրեմն պետք է  վերաբերվել մեղադրանքի արհեստական հակումներով։ Որեւէ մեկի հանդեպ ոչ անհարկի մեղադրանք ենք ներկայացնելու, ոչ էլ չհիմնավորված լավատեսություն»։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի ցանկացած ընդլայնված համաձայնության պայմաններում Ամեն Սարգսյանի ընտրվելու համար՝ բացի ՀՀԿ–ՀՅԴ ձայներից,  պահանջվում է եւս 14 ձայն։ «Ելք»–ը արդեն հայտարարել է, որ դեմ է քվեարկելու, իսկ «Ծառուկյան» խմբակցությունից դեռեւս կարծիքներ չեն հայտնել։ «Ոչ մեկը դեռ չի ասել, որ քվեարկելու ենք նրա օգտին։ Չկա նման բան, եթե մենք դեռ չենք հանդիպել իր հետ, ո՞վ է որոշում՝ ինչ քվեարկություն պիտի կատարել։ Սա այն հարցն է, որտեղ ցանկացած պատգամավոր պետք է ձեռնպահ մնա իր կարծիքը ներկայացնելու հավանականությունից, քանի դեռ չենք հստակեցրել այդ պայմանները՝ երբ կողմ կամ դեմ կլինենք, կոռեկտ չեմ համարում խոսել այդ մասին»,-ընդգծեց Պետրոսյանը:

Մեր հիշեցմանը, որ վարչապետի թեկնածության մասին խոսելիս «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները  կաշկանդված չեն կարծիք հայտնել, որ կողմ  կքվեարկեն այն թեկնածուին, որի ծրագրերը համընկնում են «Ծառուկյան» դաշինքի ծրագրերի հետ, պատգամավորն արձագանքեց՝  ընդգծելով, որ թեկնածուներից տարբեր ակնկալիքներ ունեն. «Մեր ակնկալիքն այն է, որ երկիրը ղեկավարի այնպիսի մարդ, որը կարողանա համախմբել բոլոր ուժերին ու չսեփականաշնորհի հաջողությունները»։