Վերաշարադրելով հայտնի հռոմեական ասացվածքը՝ կարելի է ասել «տեղեկացված ես՝ ուրեմն զինված ես»։ Ասվածը վերաբերում է նաեւ տնտեսական տեղեկատվությանը, որը առավել լիարժեք չափով պետք է հասանելի լինի հասարակությանը։

Խորհրդային վիճակագրությունը հիմնականում հիմք էր ընդունում հաշվառումը, որը լրացնում էին ընտրանքային հետազոտություններով։ Կարելի է իհարկե կասկածելի համարել այն ժամանակների տեղեկատվության հավաստիությունը (մեր ժամանակներին էլ)։ Բայց այդ ժամանակվանից ի վեր արխիվներում պահվում էր տվյալների ոչ վատ (մինչհամակարգչային դարաշրջանի համար) բազա։ Համոզվելու համար բավական է ընդամենը աչքի անցկացնել այն ժամանակվա «Հայաստանի ժողովրդական տնտեսությունը» տարեկան հավաքածուները։

Շուկայական հարաբերություններին անցում կատարելու, պետական ու կոոպերատիվ սեփականության սեփականաշնորհման հետ մեկտեղ առաջացան վիճակագրական տեղեկատվության հավաքման լուրջ խնդիրներ։ Սակայն այդ ուղղությամբ աշխատանքները աստիճանաբար հարթվեցին ։ Իհարկե ոչ առանց միջազգային համապատասխան կազմակերպությունների մեթոդաբանական ու ֆինանսական օգնության ։ Ձեռքբերումներ կան ու ոչ քիչ։ Բայց ավելի լավ է թվարկենք մի քանի խնդիրներ,որոնք ցանկալի է լուծել։

Դատելով հաջող մեկնարկից՝ հրապարակվող տեղեկատվության ծավալը պետք է զգալիորեն աճեր, իսկ դրա պատրաստման ժամկետները՝ կրճատվեին։ Առավել եւս, որ արդեն կա ժամանակակից հաշվողական տեխնիկա՝ պարզ ասած համակարգիչներ, որոնց մասին 70-80 ականներին միայն երազել կարելի էր։ Բայց իրողությունը, պարզվում է, մի փոքր այլ է։

Ներկայացնենք ընդամենը մեկ օրինակ։ Այն ժամանակվա Հայաստանի Կենտրոնական վիճակագրական վարչությունը նախնական տվյալներ հրապարակում էր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող յուրաքանչյուր ամսվա 12-ին։ Դա տվյալների պատկառելի հավաքածու էր, հաստափոր գրքի չափ։ Իսկ հիմա նախնական տվյալները հրապարակվում են ամսի 20-ին ՝ այսինքն 8 օր ուշ, ընդ որում ընդամենը 2-3 համակարգչային էջի չափով։

Հետընթաց է նկատվում նաեւ առանձին գերատեսչությունների մասով։ Տարիներ առաջ Պետեկամուտների կոմիտեն հրապարակում էր ընդարձակ (մեր իրողության համար) տեղեկատվություն կոմերցիոն ձեռնարկությունների մասին։ Ասենք, «Սոցապահովության պարտադիր վճարների 1000 խոշորագույն վճարողների» ցուցակներ, նաեւ «100 եւ ավելին թվաքանակով անձնակազմ ունեցող կոմերցիոն ընկերությունների» ցանկեր։

Հիմա հանրությանը հասանելի տեղեկատվությունը սահմանափակվում է միայն «Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուներով»։ Վատացել է նաեւ մաքսային տեղեկատվության հետ կապված իրադրությունը։ Արտահանման- ներմուծման մասին տվյալները (ըստ ապրանքային խմբերի ու երկրների) ավելի վաղ հրապարակվում էր եռամսյակը մեկ, իսկ հիմա՝ միայն կիսամյակը մեկ։

Այս օրինակները կարելի է շարունակել, տնտեսական բլոկի մի շարք այլ գերատեսչությունների մասով։

Սմբատ Գրիգորյան