Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ապրիլից կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու նախագիծը։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում փոփոխությունը հիմնավորել է հետեւյալ կերպ.  «Եթե դուք ձեր ընտանիքում ձեր տիկնոջ հետ վիճեք, դա մի բան է, իսկ եթե ներկա լինի երրորդ անձը, անմիջապես ձեր վեճը կստանա այլ երանգ: Դուք ստիպված հաշվի կառնեք երրորդ անձի ներկայությունը: Ձեր բանավեճը կամ ձեր փաստարկները ներկայացնելիս հաշվի կառնեք այլ անձանց ներկայությունը։ Դռնփակ նիստ անցկացնելը ժողովրդավարական է: Հարցերը քննարկելիս կառավարության անդամները պետք է հնարավորինս այդ քննարկմանը ակտիվ մասնակցեն: Այսօր, երբ այդ հարցերը քննարկվում են կառավարության նիստից դուրս, արդյունքում ստացվում է, որ ոչ բոլոր կառավարության անդամներն են մասնակցում այդ քննարկումներին»։ Գործող կարգի համաձայն՝ լրագրողները նիստին հետեւում են այլ սրահից՝ մոնիտորի միջոցով։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը պաշտոնավարման երեք տարվա ընթացքում գրեթե միշտ մասնակցել է նիստերին, NEWS.am–ի հետ զրույցում վստահեցրեց, որ երբեւէ կաշկանդված չի եղել, երբ լրագրողները ուղիղ հեռարձակմամբ հետեւել են նիստերին։

Պարոն Սարգսյան, երբ որպես ոստիկանապետ մասնակցում էիք կառավարության նիստերին, քննարկումներում մասնակցելիս՝ կաշկանդվո՞ւմ էիք լրագրողներից, որոնք մոնիտորով հետեւում էին նիստին։

Ընդհանրապես, ես լիիրավ մասնակցել եմ նիստերին, ոստիկանության հետ կապված բոլոր նախագծերը ներկայացրել եմ, ես որեւէ կաշկանդվածության առիթ չեմ ունեցել նիստերում մասնակցելու մասով։ Որեւիցե կերպ չեն կարող լրագրողները կաշկանդել, ինձ գոնե չեն կաշկանդել, կարող եմ վստահաբար ասել։

Խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուց հետո կառավարության նիստերը դռնփակ են լինելու, այսինքն՝ լրագրողները զրկվելու են նախագծերի քննարկումներին ուղիղ հետեւելու հնարավորությունից։ Արդարադատույթան նախարար դավիթ Հարությունյանը հիմնավորել է, որ երրորդ անձի ներկայությունը  այլ երանգ կարող է հաղորդել, կա՞ այդպիսի վտանգ։

Մանրամասն չեմ ուսումնասիրել այդ նախագիծը, չեմ կարող ասել, բայց եթե գաղտնի բնույթի հարցեր լինեն, պետական գաղտնիք պարունակող հարցեր լինեն, ապա դրանք կարող են քննարկել առանձին նախարարների խորհրդում։ Ամեն դեպքում, տնտեսությանը վերաբերող հարցերը գաղտնի պահելու առիթը չեմ տեսնում։ Ես առաջին անգամ եմ Ձեզնից եմ լսում, որ նիստերը պետք է փակ անցկացվեն։ Եթե ոռոգման, տնտեսության եւ նմանատիպ հարցերի վերաբերյալ հարցեր են, գաղտնիությունը ո՞րն է, չեմ հասկանում։ Ես մինչեւ հիմա չեմ զգացել, որ կառավարության նիստում կաշկանդվածություն ունեն նախարարները։ Եթե հարցեր կան, որ գաղտնիություն են պարունակում մինչեւ հիմա էլ գաղտնի ռեժիմով են քննարկվել, հարցեր կան, որ գաղտնիություն չեն պարունակում, խոսքը տնտեսության վերաբերյալ հարցերի մասին է եւ հրապարակային քննարկվում են, չեմ կարծում, որ եթե քննարկումներին հասարակությունը տեղյակ լինի, կխոչընդոտի խնդիրները լուծելուն։