ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կոչ է արել Արեւմտյան կիսագնդի երկրներին զգուշանալ չինական ներդրումներից՝ հայտարարելով, որ դրանք հիշեցնում են եվրոպական գաղութացումը։ Նա նաեւ դատապարտել է Ռուսաստանին տարածաշրջանի թշնամական, բտնապետական կառավարություններին զենք վաճառելու համար, հաղորդում է AP-ն։

Լատինական Ամերիկա շրջայցի նախօրեին Թիլերսոնը հայտարարել է, որ Չինաստանը ձգտում է միայն հարստանալ ներդրումային ծրագրերից։ Նրա խոսքով՝ տարածաշրջանային կառավարությունները պետք է պաշտպանեն իրենց «գիշատիչներից, որոնք այսօր հայտնվել են մեր կիսագնդում»։  

Նա նաեւ նշել է, որ չինական ներդրումները կարող են լավը թվալ, բայց գինը շատ բարձր է։

«Չինաստանը առաջարկում է զարգացման ուղի, բայց իրականում դա շատ հաճախ կապված է տնտեսական կարճաժամկետ շահույթի եւ երկարաժամկետ կախվածության հետ»,-ասել է Թիլերսոնը՝ հանդես գալով Տեխասի համալսարանում։

Թիլերսոնը հիշատակել է նաեւ Ռուսաստանին՝ հայտարարելով, որ « նրա աճող ներկայությունը տարածաշրջանում անհանգստություն է առաջացնում»։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը «շարունակում է զենք եւ ռազմական տեխնիկա վաճառել թշնամական երկրներին, որոնք չեն կիսում եւ չեն հարգում ժողովրդավարության արժեքները»։