Մոսկվայի օդանավակայաններում 48 չվերթ հետաձգվել է, 14-ը չեղարկվել: Այս մասին վկայում են «Յանդեքս: Չվացուցակ» պորտալի տվյալները, հայտնում է «Կոմերսանտ ռու»-ն:

Մոսկվայի ժամանակով 11:20-ի դրությամբ, մասնավորապես, «Վնուկովո» օդանավակայանում 11 չվերթ հետաձգվել է: «Դոմոդեդովոյում» 14 չվերթ չեղարկվել է, եւս 8-ը ուշացումով կթռչի: «Շերեմետեւոյում»  հետաձգվել է 30 չվերթ:

Ինչպես նախօրեին հայտնել էր Արտակարգ իրավիճակների նախարարությունը, փետրվարի 3-ին Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում թաց ձյուն, ձյունամրրիկ եւ ուժգին քամի է սպասվում: Քաղաքային իշխանություններն ավելի վաղ զգուշացրել էին, որ փետրվարի 3-4-ին ձյան ուժեղ տեղումներ են կանխատեսվում: Ենթադրվում է, որ շրջաններից կախված՝ կտեղա 25-ից մինչեւ 30 սմ ձյուն: