Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր՝ փետրվարի 3-ին, տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երեւան քաղաքում խցանումների նվազեցման, ճանապարհային երթեւեկության արդյունավետ կազմակերպման եւ բեռնաթափման հնարավորությունները:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է վարչապետի հանձնարարականի հիման վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքները եւ շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ մշակված առաջարկությունները, որոնք վերաբերում են Երեւանի ճանապարհային ցանցի թողունակության բարձրացմանը, որոշ հատվածներում ավտոկայանատեղիների սահմանափակմանը, ճանապարհային երթեւեկության կազմակերպմանը եւ հսկողության խստացմանը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաեւ այլընտրանքային երթուղիների կառուցմանը:

Անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին՝ ՀՀ ԿԱ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը զեկուցել է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը շարունակում է երթեւեկության կազմակերպման փոփոխություններ իրականացնել Երեւանի խաչմերուկներում. որոշ խաչմերուկներում երթեւեկությունը դարձել է շրջանաձեւ, եւ այս միջոցառումը շարունակական է, տրանսպորտային միջոցների կուտակումների եւ հապաղումների կանխման, խաչմերուկների արագ բեռնաթափման նպատակով կատարվել են կրկնակի հոծ գծանշման տեղափոխություն, աջ սեկցիայով լուսացույցների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ եւ այլն: Շարունակվում է խաչմերուկների ավտոմատ կառավարման գործընթացը. 50 խաչմերուկ կառավարվում է էլեկտրոնային համակարգի միջոցով, նախատեսվում է եւս 60 խաչմերուկի կարգավորում:

 Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ բավական արդյունավետ է թարթող լուսացույցների տեղադրման միջոցով հետիոտնային անցումների ձեւավորումը, եւ Երեւանում 110 կետերում նմանատիպ լուսացույցների տեղադրումը եւս կնպաստի ճանապարհային հոսքերի կարգավորման խնդրի լուծմանը: Վարչապետն առաջարկել է Երեւանի քաղաքապետին՝ շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ որպես կարճաժամկետ լուծումներ դիտարկել եւ համատեղ աշխատել փողոցի հատումը կարգավորող լուսացույցների թվի ավելացման, հարակից ճանապարհահատվածներում երկրորդ երթեւեկելի գոտում կայանման նկատմամբ վերահսկողության խստացման, կայանման ժամերի սահմանափակման,  Երեւանում միջպետական եւ միջմարզային սկզբնակետերի արդյունավետ տեղաբաշխման  եւ այլ ուղղություններով: