ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` փետրվարի 3-ին, քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա նախօրեին, այցելել է առողջապահության նախարարության Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել ընդհանուր եւ մանկական քիմիաթերապիայի հիմնանորոգված բաժանմունքում, ծանոթացել կատարված աշխատանքներին եւ առողջապահական որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով ստեղծված պայմաններին:

Ոլորտի պատասխանատուները նախագահին ներկայացրել են հիվանդների հետ աշխատանքն առավել արագ եւ արդյունավետ կազմակերպելու նպատակով բաժանմունքում կատարված կառուցվածքային փոփոխություններն ու նորամուծությունները: Նորաբաց բաժանմունքն ունի առանձին ընդունարան, էլեկտրոնային առողջապահական համակարգ եւ անհրաժեշտ պլանային հետազոտությունների սենյակներ:

Կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը Հանրապետության նախագահին ներկայացրել է վերջին տարիներին Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները եւ կենտրոնի գիտակլինիկական գործունեության, շենքային պայմանների, տեխնիկական վերազինման ուղղությամբ 2018 թվականին իրականացվելիք աշխատանքները:

Սերժ Սարգսյանը կարեւորել է առողջապահական որակյալ ծառայությունների մատուցման ուղղությամբ իրականացված աշխատանքները եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու կենտրոնի հետագա զարգացման ծրագրերին: