Շուրջ երկու տարի առաջ NEWS.am-ը անդրադարձել էր հրազդանցի  երիտասարդ, 33-ամյա  Արամ Յարոյանին, ով ավտովթարի հետեւանքով   ողնաշարի լուրջ խնդիր էր ձեռք բերել ու  չէր կարողանում քայլել ու շարժել ձեռքերը:

Դեպքից երկու տարի անց  Արամի մոտ ոչ միայն ոչինչ չի փոխվել, այլ օր օրի նվազում է նրա ոտքի կանգնելու հավանականությունը:Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արամի կինը՝ Գրետա Մաթեւոսյանը:

«Արամն ընկերոջ մեքենայով աշխատանքի գնալիս է եղել, ընկերը չի կարողացել կառավարել մեքենան եւ բախվել է գովազդային սյանը: Ուժեղ հարվածից Արամին լուրջ վնասվածքներով տեղափոխել  են Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նրա վիճակը գնահատել են ծանր: Ամուսնուս  ախտորոշել են զուգակցված ողնաշար-ողնուղեղային վնասվածք, C3, C4, C5 ողերի հետին էլեմենտների կոտրվածք` կոնքի օրգանների խանգարումով: Սուր շնչառական խնդիրների պատճառով վիրահատությունը հետաձգվել է: Նրան  միացված է եղել արհեստական շնչառության ապարատ:

Երբ մի քիչ վիճակը կայունացել է, վիրահատել են ողնաշարը: Վիրահատությունը նորմալ է անցել, սակայն  ոտքի կանգնելու համար վերականգնողական բուժում է հարկավոր, այդ պատճառով էլ հիվանդանոցից տեղափոխեցինք «Արթմեդ» վերականգնողական կենտրոն»,-պատմեց Արամի կինը:

Վերականգնողական կենտրոնում 4 ամիս  դեղորայքային եւ ֆիզոթերապիայի կուրսեր անցնելուց  հետո Արամը խնդրել է հարազատներին իրեն տուն տանել. «Ֆիզոթերապիայի մեկ ամսվա գումարը վերականգնողական կենտրոնում կազմել է մոտ 400 000 դրամ, վիրահատությունն էլ 5000 դոլար: Բժիշկները մեզ ասացին, որ վիրահատության կարիք այլեւ չկա, բայց նրան ֆիզոթերապիայի վաղ վերականգնողական կուրսեր են պետք: Արամն  այս ամենը տեսնելով՝ մեզ ասաց, որ տուն գնանք: Ինչ ունեինք ծախել ենք՝ ոսկիներ, անասուններ ու հետագա բուժման ծախսերը հոգում էինք, բայց այլեւս չենք կարողանում: Արամը չի ցանկանում բարձրաձայնել իր խնդիրների ու դժվարությունների մասին, բայց ես իմ էրեխու առողջության համար ամեն ինչի էլ պատրաստ եմ: Չգիտենք արդեն ինչ անենք, հիմա տղաս կամ ամբողջ օրը պառկած է կամ սայլակին նստած, իսկ ես չեմ կարողանում նրան անօգնական տեսնել:

Այս պահին ֆիզոթերապիայի կուրսեր է ստանում տանը: Շաբաթվա մեջ 4-5 օր պիտի ստանա, ինչքան գնում է ժամանակը, այնքան փոքրանում է նրա՝ բուժվելու հավանականությունը: Ֆիզոթերապիայի գումարն էլ չունենք, մի կերպ տալիս ենք, բայց ոչ մի փոփոխություն: Դեպքից երկու տարի անց Արամի մոտ միակ փոփոխությունն այն է, որ ձախ ձեռքը շարժում է»,-ասաց Արամի մայրը:

Ընտանիքի անդամների խոսքով, ֆիզիոթերապիայի մեկ  օրվա արժեքը 10 000 դրամ է` չհաշված դեղորայքային բուժման ծախսերը, ու եթե վերականգնողական կենտրոնում շարունակի  բուժումը, ավելի շուտ կապաքինվի, իսկ վերականգնողական կենտրոն գնալու համար գումար չունեն:

Արամ Յարոյանի ընտանիքն այսօր ծանր կացության առջեւ է կանգնած. մայրը երրորդ կարգի հաշմանդամ է, հայրը` թոշակառու: Արամն էլ 4 տարեկան դուստր ունի: Նրանց եկամտի աղբյուրը Արամի եւ ծնողների հաշմանդամության թոշակն է: Արամ Յարոյանին օգնելու համար  ՎՏԲ Հայաստան բանկի Հրազդանի մասնաճյուղում բացվել են հաշվեհամարներ.

AMD -16025084455400

USD-16025084455401

EUR-16025084455402

RUR- 16025084455403

Հաշվետեր` Գրետա Մաթեւոսյան

հեռախոս՝ 093 32 44 03