«Ելք»-ը մարդկանց փողոց էր հրավիրել իշխանության վրա ճնշում գործադրելու նպատակով: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Իսկ «Ելք»ը մարդկանց կանչել էր հանրահավաքի ու երթի՝ պայմանով, որ տուն չեն գնալո՞ւ: Կանչել էր հանրային ճնշում կիրառելու իշխանությունների վրա: Դուք Ելք դաշինքի հայտարարությունների մեջ լսե՞լ եք, որ մարդկանց կանչում են հանրահավաքի, որ այլեւս նրանք տուն չեն գնալու”,- այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Ելք դաշինքի երեկվա հնարավաք-երթից հետո հանրությանը մոբիլիզացվելու կոչեր արվեցին, այնուհետեւ հայտարարվեց, որ հաջորդ ցույցերի մասին դեռ օրակարգ չկա:

Հարցին, թե այսինքն՝ այսքանով ամեն ինչ ավարտվե՞ց, Մարուքյանը պատասխանեց, որ այսքանով շարունակվում է այն, ինչ սկսվել է:

Հարցին, թե որ դեպքում նստացույց կանեն, նա պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ պետք է նստացույց անենք: Ինձ հարց էին տալիս՝ կարո՞ղ ա նստացույց անեք, ես ասել եմ՝ ոչ մի բան չենք բացառում: Մենք հանրության  վրա որեւէ բեռ չենք գցել, կոչ ենք արել մեզ աջակցել: Մենք մեր բեռը կրում ենք», ասաց:

Հարցին, թե մտավախություն չունե՞ն, որ մարդիկ կհիասթափվեն «Ելք», Մարուքյանը պատասխանել է. «Մարդիկ կարող էին հիասթափվել, եթե մենք կանչեինք փողոց, ասեինք տուն չենք գնալու, բայց վերջում գնայինք տուն»: Ինչ  վերաբերում է այն մեկնաբանություններին, թե «Ելք»-ին չեն վստահում, ասել է՝ կան մարդիկ, որ չեն վստահում, եթե շատերը վստահեին ապա իրենք կդառնային մեծամասնություն: