Dow Jones-ի արդյունաբերական համաթիվը պատմության մեջ երկրորդ անգամ մեկ օրում կետերով ռեկորդային անկում է ունեցել: Փետրվարի 9-ի սակարկությունների ընթացքում շաբաթվա մեջ երկրորդ անգամ այն կորցրել է 1000 կետից ավելի (1033 կետ՝ բացասական նշանով կամ 4,15 տոկոս): Այս մասին վկայում են Նյու Յորքի ֆոնդային բորսայի տվյալները: Սակարկությունների ավարտին այն կազմել է 23860,46 կետ, հայտնում է BBC-ն:

Հունվարի 26-ին առավելագույնի համեմատ ավելի քան 10 տոկոսով նվազել է նաեւ S&P 500-ի համաթիվը (այդ օրը առավելագույն ցուցանիշը կազմել է 2,872 կետ, Dow Jones-ի՝ 26608,9 կետ): Փետրվարի 9-ին S&P 500-ը նվազել է 100,58 կետով կամ 3,75 տոկոսով՝ հասնելով մինչեւ 2,581-ի: Nasdaq-ն, ի դեպ, նվազել է 274,8 կետով (3,9 տոկոս)՝ մինչեւ 6,777.1:
BBC-ն նշում է, որ հինգշաբթի ամերիկյան ֆոնդային շուկայի հետ մեկտեղ համաթվերը նվազել են եվրոպական բոլոր առանցքային բորսաներում: Այսպես՝ բրիտանական FTSE 100 ֆոնդային բորսայի առաջատար համաթիվը նվազել է 1,49 տոկոսով՝ հասնելով մինչեւ 7 170,69 կետի: Գերմանիայի DAX բորսայի համաթիվը՝ 2,6 տոկոսով, ֆրանսիական CAC 40-ի՝ 2 տոկոսով:​

Մինչ այս ԱՄՆ ֆոնդային շուկայում շտկումները (վերջին բարձրակետի համեմատ 10 տոկոս նվազում) վերջին անգամ տեղի էին ունեցել 2016 թվականի սկզբին: Այդ ժամանակ համաթվերն ընկել էին նավթի գների հետ միասին:

Ինչպես նշում է BBC-ն, փետրվարի 9-ին ամերիկյան ֆոնդային շուկայի անկումը տեղի է ունեցել այն մտահոգությունների ֆոնին, որ գլոբալ ուժեղ տնտեսությունը ինֆլյացիա կհրահրի, ինչպես նաեւ տոկոսադրույքների աճի կհանգեցնի: Ամերիկյան պետական արժեթղթերի եկամտաբերությունը այս շաբաթ հասել է մինչեւ 4-ամյա առավելագույնի՝ նվազեցնելով դրանց գրավչությունը, որոնք առանց այն էլ պատմականորեն թանկ արժեն: Արժեթղթերի շուկայի ներդրողները պետական արժեթղթերի եկամտաբերության աճն ընկալել են որպես ահազանգ, որ տոկոսադրույքներն աճելու են ի վնաս կորպորատիվ շահույթի եւ սպառողների գնողունակության, նշում է Bloomberg-ը: