Տարվա ամփոփումներում համաշխարհային լրատվամիջոցները հիշում են միայն տհաճությունները եւ քննադատում են գործընկերներին` մտացածին սենսացիաների համար:
Անցնող տարին վատն էր գլոբալ կառավարման իմաստով, խմբագրականում գրում է The Financial Times-ը: Եվրամիությունն ուշացած եւ ոչ հեռատեսորեն արձագանքեց Հունաստանի եւ Իռլանդիայի ճգնաժամային երեւույթներին: ԱՄՆ-ն ճակատագրական դանդաղկոտություն ցուցաբերեց արժութային խթանմանը վերադառնալու մեղադրանքները հերքելիս, ինչի հետեւանքով հնարավոր չեղավ Չինաստանին համոզել բարձրացնել յուանի փոխարժեքը: Ամերիկան կորցնում է համաշխարհային գերիշխանությունը: Անցել են այն օրերը, երբ Վաշինգտոնը կարող էր միջազգային գագաթաժողովներում անցկացնել որոշումներ առանց նախնական բանակցությունների: Սակայն զարգացող շուկաներն էլ առայժմ կարողանում են միայն վետոյի իրավունքով զսպել հարուստ երկրներին. ավելի խելամիտ այլընտրանք նրանք չեն առաջարկում: The Financial Times-ը խորհուրդ է տալիս 2011 թվականին քիչ հույսը դնել Արժույթի միջազգային հիմնադրամի նման կառույցների, կամ մեծ քսանյակի գլոբալ կառավարման հեղափոխական վերակառուցման ներուժի մասին դատարկ քննարկումների վրա, եւ մտածել, թե ինչ կարելի է փաստացի անել հենց այսօր:
Տնտեսական թեման շարունակում է The Washington Post-ը: ԱՄՆ Ավանդների ապահովագրման դաշնային գործակալության (FDIC) տվյալներով, 2010-ին գրանցվել է 1992-ից ի վեր ամերիկյան բանկերի սնանկացման ռեկորդային թիվ` 157: 2009-ին փակվել էր 140 վարկային կառույց, իսկ 2006-ին` 0: 2010-ի սեպտեմբերի տվյալներով, խնդրահարույց բանկերի ցուցակում ընդգրկված են 860 կազմակերպություններ, որոնց սնանկություն է սպառնում առաջիկայում: Տարվա դրական երանգն այն է, որ սնանկացած բանկերը հիմնականում խոշորները չեն: FDIC ղեկավարությունը կանխատեսում է, որ 2011-ը բեկումնային կլինի եւ հետագայում սնանկացումների թիվը կնվազի: Այդուամենայնիվ, գործակալությունը վստահեցնում է, որ ունի անհրաժեշտ միջոցներ` բոլոր ապահովագրական դեպքերի վճարումները կատարելու համար:
The Times-ի դիտանկյունից 2010-ին բոլոր տնտեսական հիմնախնդիրները տեղը զիջեցին բնության արհավիրքներին. Հայիթիի եւ Չիլիի երկրաշարժերը, Իսլանդիայի Էյյաֆյաթլայօկուդլ հրաբխի ժայթքումը, Պակիստանի ջրհեղեղը: The Times-ի ցուցակում են նաեւ Մեքսիկական ծոցում BP-ի հորատող հարթակի վթարը, որի հետեւանքով ամերիկյան ափը դարձավ բնապահպանական աղետի գոտի, Լեհաստանի նախագահի ինքնաթիռի կործանումը, Wikileaks-ի գաղտնազերծումները, նաեւ Հարավային Աֆրիկայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:
Վերջապես, Time-ի կարծիքով, 2010-ին ոչ մի առանձնահատուկ բան էլ տեղի չի ունեցել: Հանրապետականների հաղթանակը ԱՄՆ միջանկյալ ընտրություններում կանխատեսելի էր, Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման ռուս-ամերիկյան պայմանագիրը` համեստ: Պարբերականն ուշադրություն է դարձնում լրատվամիջոցների, հատկապես, կաբելային հեռուստատեսությունների նորությունների եւ բլոգոսֆերայի ընկնավորության հասնող դրսեւորումներին, որոնցից կարելի է ենթադրել, թե Արմագեդոնն ու Սոդոմ-Գոմորը եւ Պոմպեյի վերջին օրը միաժամանակ են լինելու հենց վաղը: Ամբողջ այդ աղմուկի նպատակը ինչ-որ ճակատագրական իրադարձությունների տպավորություն ստեղծելն է, թեեւ ոչինչ էլ տեղի չի ունենում, եզրակացնում է Time-ը: Այդ իրարանցման ու թոհուբոհի մեջ մոռացվում է երկարաժամկետ սպառնալիքը` կլիմայի փոփոխությունը, որը շատ ավելի վտանգավոր է ու անդառանալի, քան Սարա Փեյլինի կրկեսն ու Ջուլիան Ասանջի անարխիան:




























