Շաբաթ օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել «Հիմա» երիտասարդական շարժման ակտիվիստ Վահագն Գեւորգյանին եւ նրան դատապարտել մեկ տարվա ազատազրկման եւ 80 հազար դրամ տուգանքի:

Վահագն Գեւորգյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի պատասխանատու խմբագիր Հայկ Գեւորգյանի որդին է, եւ նրան մեղադրանք էր առաջադրվել ապրիլի 10-ին ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, իբր Վահագն Գեւորգյանն ու իր ընկերը Հյուսիսային պողոտայում անբարո արտահայտություն են արել անցնող աղջիկների հասցեին, ինչը նկատել է այդտեղ ծառայություն կատարող ոստիկան Բագրատ Մանուկյանը, ում դիտողությանն ի պատասխան Վահագն Գեւորգյանը հայհոյել է նրան, ապա դիմադրություն է ցույց տվել, երբ ոստիկանները փորձել են բերման ենթարկել նրան:

Դատարանը նաեւ որոշել է համաներում կիրառել Վահագն Գեւորգյանի նկատմամբ եւ նրան ազատ արձակել դատարանի դահլիճից:

Համաներումը ո'չ Վահագնին, ո'չ նրա պաշտպան Վարդուհի Էլբակյանին չի գոհացնում, ու նրանք պատրաստվում են դիմել վերաքննիչ դատարան, ապա եւ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Արդարացում ձեռք եմ բերելու»,- նիստից հետո «Ազատություն» ռ/կ-ին հայտնել է Վահագն Գեւորգյանը, իսկ Վարդուհի Էլբակյանը վստահեցրել է, որ եվրոպական դատական ատյաններում այս գործը միանշանակ այլ ընթացք ու վճիռ կունենա, քանի որ մարտիմեկյան դեպքերից հետո ընդունված թիվ 1608 բանաձեւի համաձայն` անընդունելի են համարվում միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա հարուցված քրեական գործերը: