Մոսկովյան Վիխինո-Ժուլեբինո շրջանի ոստիկանները ենթարկվել են Հայաստանի մի խումբ քաղաքացիների հարձակմանը: «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, ոստիկանները ձերբակալել էին հայաստանցի մի երիտասարդի, ինչից հետո նրա 25 ընկերները հարձակվել էին ոստիկանական բաժնի վրա:
Միջադեպը սկսվել է սեպտեմբերի 13-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, երբ ոստիկանները Կրասնի Կազանեց թիվ 1 հասցեում գտնվող «7-րդ մայրցամաք» սուպերմակետում ձերբակալել են 23-ամյա մի հայաստանցու, որը ճանկել էր օղու շիշը եւ ցանկանում էր փախչել: Նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին: Շուտով բաժնի մուտքի մոտ են հավաքվել 25 հոգի, որոնք փորձել են ազատ արձակել իրենց ընկերոջը: Սկսված ծեծկռտուքի ժամանակ մի ոստիկանի ծեծի են ենթարկել, իսկ մյուսի համազգեստն են պատռել: հարձակվողներին հանգստացնելու համար ոստիկանները ստիպված են եղել օդ կրակել: Հարձակվողներից յոթը ձերբակալվել են, մյուսներին հաջողվել է փախչել:




























