21.9 տոկոս գնաճի վերաբերյալ մեր հաշվարկը ոչ մեկը չհերքեց, ինչը նշանակում է կասկածի տակ է դրվում վիճակագրության ծառայության բերած գնաճի 2,6 տոկոսի թվերը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, ԱԺ արտահերթ նիստում Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց օրինագծի հեղինակ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նա տարակուսանք հայտնեց, որ ոչ ոք այդպես էլ չի կարողանում բացատրություն տալ, թե ինչու նույն ԵՏՄ տարածքում Մոսկվայում կարագը 2500 դրամ է, Երեւանում՝ 4400 դրամ:

«Այստեղ իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե առաջարկվող հարկային փոփոխությունը ոչ մեկին ոչինչ չի տա: Դա զարմանալի չի, որովհետեւ դուք մի ժամանակ էլ ասում էիք գնաճը ոչ մեկին չի վնասում, պարզ է, որ իջեցնելն էլ ոչ մեկին օգուտ չի տա: Կամ Խոսրով Հարությունյանն ասում է, որ այս փոփոխությամբ բնակչության եկամուտների հարցն ամբողջությամբ չի լուծվում: Այսինքն եթե խնդրի լուծման համար անհրաժեշտ է 64 մլրդ դրամ, իսկ մենք կարող ենք այս փոփոխությամբ տալ միայն, ասենք 20 մլրդը, եկեք չտանք»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով կառավարության ներկայացուցչի հարցադրմանը, թե հարկային այս փոփոխությունները առաջացնում են 32 մլրդ դրամի բեռ բյուջեի վրա, որտեղի՞ց այդ գումարը ճարենք:

«Դա մեր հավերժական հարցն է դարձել: 2016-ին էլ էինք ասում, որտեղից այդ գումարը ճարենք, ինչքան կա, առաջնագիծը պահում ենք, բայց հենց ապրիլյան պատերազմը եղավ, վռազ 5 մլրդ հավաքեցին, չգիտեմ որտեղից՝ ռեկետով, աղաչելով, սպառնալով, ու տարան առաջնագիծ: Եվ գլխավոր շտաբի պետի տեղակալն էլ խոստովանում է, որ վերջին 8 տարում առաջնագծում այնքան բան չի արվել, որքան այս մեկ ամսում»,-նկատեց «Ելք»-ի ներկայացուցիչը:

Նշենք, որ «Ելք»-ի նախաձեռնած Հարկային օրենսգրքի փոփոխություններով առաջարկվում է վերադառնալ բենզինի ու դիզվառելիքի ակցիզային հարկի մինչեւ հունվարի 1-ը գործող դրույքաչափերին: Նաեւ առաջարկվում է 150 հազար դրամից մինչեւ 450 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող ֆիզիկական անձանց եկամտային հարկը կվերադարձվի մինչեւ Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահը (2018-ի հունվարի 1) կիրառված դրույքաչափին՝ 28-ից 26 տոկոսի:

ԱԺ-ն քվեարկությամբ մերժեց օրենքի նախագիծը:

Բենզինի տիրակալները թող բացատրեն՝ ինչպե՞ս է, որ ՌԴ-ում բենզինը թանկանում են 8 տոկոսով, ՀՀ-ում 30 տոկոսով 

Խոցելի խավին 1000 դրամով աջակցելն ամենաողորմելի ինստիտուտն է. Բոստանջյան

Ցանկացած գնով քաղաքացիների եկամուտների ավելացումն անթույլատրելի է. ՀՀԿ

Առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են 2017-ի սեպտեմբերից, երբ ակցիզային հարկի մասին խոսք չկար. ՀՀԿ

Որքա՞ն է իրականում կազմել գնաճը. Փաշինյանի ուսումնասիրությունը հետաքրքիր փաստեր է պարզել