Երբ որեւէ երկրում որեւէ մեկը նախագահ է ընտրվում, հասարակությունը տեղյակ է որոշակի հարցերում տվյալ թեկնածուի դիրքորոշման մասին, բայց Հայաստանում այդպես չէ: Այս մասին փետրվարի 16-ին Երեւանում Հայ ազգային կոնգրեսի եւ Եվրոպական լիբերալների եւ ժողովուրդների դաշինքի (ALDE) համանախագահների համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱԿ համանախագահ Լեւոն Զուրաբյանը:

Նա նշել է, որ նախագահի պաշտոնում Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ)   առաջադրված  թեկնածուի՝ Արմեն Սարգսյանի դեպքում ոչինչ պարզ չէ, իսկ նա անձամբ չի արտահայտվել հասարակությանը հուզող հարցերի շուրջ:

 «ՀԱԿ-ը չի ճանաչում գործող իշխանությունների լեգիտիմությունը: Դրանից ելնելով՝ այդ իշխանությունների կողմից առաջադրված թեկնածուն, նույնպես համարվելու է ոչ լեգիտիմ», - ասել է Հայ ազգային կոնգրեսի համանախագահը:

Միեւնույն ժամանակ նա նշել է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն արատավոր համակարգ են ստեղծել, որը ներկայացնում եւ պաշտպանում է միայն իրենց շահերը, այլ ոչ ամբողջ հասարակության շահերը: