Արմավիրի մարզում կինը մեղադրվում է իր նորածին երեխային առեւանգելու մասին ակնհայտ սուտ հաղորդում տալու մեջ:
2017թ.-ի սեպտեմբերի 29-ին ոստիկանությունը հայտնել էր, որ օրեր առաջ մի կին հաղորդում է տվել, որ Երեւանի Մարգարյան փողոցում գտնվող ծննդատան մոտակայքից պատահական տաքսու մեջ գտնվող իր նորածին երեխային առեւանգել են: Այս ընթացքում եւս 1 կին էր դիմել ոստիկանություն եւ հաղորդում ներկայացրել, որ ամիսներ առաջ մի կին հրաժարվել է իր երեխայից, տվել իրեն՝ պահանջելով 20 հազար դրամ, ավելի ուշ, սակայն, այդ կինը 55 հազար դրամ է պահանջում:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ իրականում երեխայի մայրը սուտ հաղորդում է տվել: Ըստ մեղադրական եզրակացության՝ Գյուլլիզարը 2017թ. մարտի 30-ին ծննդաբերել է Մ.Գ.-ին եւ սոցիալապես ծանր պայմաններում բնակվելու, երեխայի խնամքով զբաղվելու հնարավորություն չունենալու պատճառով որոշել երեխային հանձնել մանկատուն: Այդ մասին հայտնի է դարձել Էջմիածին քաղաքի բնակիչներ` ամուսիններ Դ.Զ.-ին եւ Ի.Ղ.-ին: Նրանք օրեր անց հանդիպել են Գյուլլիզարի հետ եւ պատրաստակամություն հայտնել զբաղվել երեխայի խնամքով` խնդրելով երեխային չտանել մանկատուն եւ հանձնել իրենց: Մայրը համաձայնվել է եւ երեխային հանձնել այդ ամուսիններին՝ պարտավորվելով երեխայի ծննդյան կապակցությամբ վճարվող պետական նպաստի գումարը ստանալու դեպքում նրանց տրամադրել նաեւ նրա ծննդյան վկայականը` որդեգրման, կամ խնամակալության հարցը լուծելու նպատակով: Որոշ ժամանակ անց կինը զանգահարել է ամուսիններին եւ նրանցից պահանջել 20 հազար դրամ՝ նպաստը ստանալու նպատակով համապատասխան փաստաթղթերի ձեռք բերման ընթացիկ ծախսերը հոգալու համար: Սեպտեմբերի 22-ին Գյուլլիզարը կրկին զանգահարել է Դ.Զ.-ին եւ հայտնել, որ գումարը ծախսել է, սակայն չի կարողացել ձեռք բերել փաստաթղթերը, կրկին գումար է պահանջել, վերջինս սակայն մերժել է եւ զանգահարել է ոստիկանություն եւ պատմել կատարվածի մասին: Սրանից վրդովված՝ Գյուլլիզարը սեպտեմբերի 26-ին տվել է ակնհայտ կեղծ հաղորդում այն մասին, թե իբր 2016թ. ապրիլի 3-ին ժամը 17:00-ից 18:00-ի սահմաններում ծննդատան մոտակայքից պատահական տաքսի ավտոմեքենայի մեջ գտնվող իր նորածին երեխային անհայտ անձիք գողացել եւ տարել են անհայտ ուղղությամբ:
Գյուլլիզարին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:




























