Սեպտեմբերի 17-ին մարզահամերգային համալիրում կայանալու է Սերժ Սարգսյանի հանդիպումը Հայաստանում գրանցված կուսակցությունների ղեկավարների հետ:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնեցին, որ նախագահ Սերժ Սարգսյանը հայաստանյան քաղաքական կուսակցությունների նախագահներին հինգշաբթի, սեպտեմբերի 17-ին, հրավիրել է քննարկման` նվիրված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլին: Ի դեպ, սա Սերժ Սարգսյանի կողմից այս ձևաչափով հրավիրված թվով երրորդ թեմատիկ խորհրդակցությունն է: Նախորդ երկու խորհրդակցություններն առ այսօր գաղտնի են պահվում հանրությունից:
Նշենք, որ արմատական ընդդիմությունը ներկայացնող կուսակցությունների ղեկավարները, բացառությամբ ՀԱԿ-ի մեջ մտնող մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանի, նախորդ հավաքներին հրաժարվել են մասնակցել: Չեն պատրաստվում մասնակցել նաեւ այս հավաքին: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը NEWS.am-ին հայտնեց, որ «իրենք այդ միջոցառումներին արդեն գնահատական տվել են, եւ կոնգրեսում ընդհանրապես չի էլ քննարկվել մասնակցել-չմասնակցելու հարցը»:




























