Խորհրդային ժամանակաշրջանի վերջին տասնամյակներին բնորոշ մսի պակասուրդը այժմ հաղթահարվել է: Միսը, ներառյալ տավարի միսը, ազատ վաճառվում են: Այսինքն, այն չի վաճառվում վաճառասեղանի «տակից», ինչպես  հաճախ լինում էր անցյալում: Կարեւոր է նաեւ, որ մսի համար հերթեր չկան: Սակայն այդ խնդիրները լուծվել են ոչ տեղական ռեսուրսների աճի հաշվին: Այս «առաջընթացի» պատճառը շատ հայտնի է. բնակչության մի մասը այս մթերքը սպառում է շատ քիչ՝ փողի բացակայության պատճառով:

Երեք տասնամյակ առաջ, այն ժամանակվա պաշտոնական տվյալներով, Հայաստանի անասնաբուծությունում 0.9 միլիոն խոշոր եղջերավոր անասուն կար, 1.9 միլիոն՝ ոչխար եւ այծ: Նախորդ տարվա սկզբում այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար՝ ավելի քիչ քան 0.7 միլիոն եւ 0.73 միլիոն: Նախկինում տավարի մսի տեղական պաշարների բացակայությունը համալրվում էր ներմուծմամբ: Անասունների ներմուծումը դեռեւս առկա է, բայց համեմատաբար աննշան է: Խոշոր եղջերավոր անասունների մսի ներմուծում նաեւ հիմա կա, բայց համեմատաբար քիչ:

Օրինակ՝ անցյալ տարի երկրում խոշոր եղջերավոր անասունների մսի ընդհանուր ռեսուրսների 95 տոկոսը ապահովվել էր տեղական արտադրության միջոցով, իսկ մնացած 5 տոկոսը՝ ներմուծման: Սակայն ներմուծված միսը, որպես կանոն, օգտագործվում է մսամթերքի արտադրության մեջ: Անցյալ տարվա մաքսային տվյալները դեռ չեն հրապարակվել, ուստի ներկայացնենք նախորդ տարվա տվյալները:

Այսպիսով, 2016 թվականին խոշոր եղջերավոր անասունների մսի ընդհանուր ներկրման ծավալում, գրեթե երկու երրորդը Հնդկաստանին է բաժին ընկնում: Այսինքն, այս դեպքում ոչ թե տավարի, այլ գոմեշի միս է ներկրվել: Սա հայտնի փաստ է, որը ժամանակին բուռն հանրային արձագանք էր առաջացրել:

Հետաքրքիր է նաեւ, որ նախորդ տարվա առաջին կիսամյակում Ուկրաինայից ներմուծվել է 344 տոննա խոշոր եղջերավոր անասունի միս, մաքսային բավական ցածր արժեքով՝  2.5 դոլար՝ կիլոգրամի դիմաց: Համեմատության համար՝ նույն ժամանակահատվածում Հնդկաստանից «էժան» գոմեշի միսը ներկրվել է մեկ կիլոգրամի դիմաց 3,8 դոլարով:

Պաշտոնական տվյալներով՝ երկու տարի առաջ մսի եւ մսամթերքի սպառումը մեկ շնչի հաշվով մեկ ամսում 1.98 կիլոգրամ էր: Այսինքն տարեկան 24 կգ-ից պակաս: Պետք է նշել, որ Ռուսաստանում մսի եւ մսամթերքի սպառման մակարդակը մոտենում է 74 կգ: Տարբերությունը հսկայական է, բայց այդ են վկայում հետխորհրդային երկու պետությունների պաշտոնական տվյալները:

Հասկանալի է, որ մեր հանրապետությունում անապահով շերտերի համար իրավիճակը ավելի վատ է, քան միջինում: Այսպես, «ամենաաղքատ» խմբի (յուրաքանչյուր խումբը բնակչության ընդհանուր թվաքանակի 10 տոկոսն է) մսի եւ մսամթերքի սպառման մակարդակը ամսական մեկ շնչի հաշվով կազմել է 1.08 կգ: Տարեկան, այսպիսով, 13 կգ-ից քիչ է ստացվում: Սա միջինում: Իրականում այս խմբի շատ ներկայացուցիչների ցուցանիշն ավելի քիչ կլինի:

«Ամենաաղքատներին» եկամուտների մակարդակով մոտ բնակչության խմբերի վիճակը այդքան էլ լավ չէ:

Մսի եւ մսամթերքի ցածր սպառման պատճառը վերեւում նշվել է՝ մարդիկ միջոցներ չունեն: Իսկ մսի գինն անընդհատ աճում է, ընդ որում համարյա ամեն ամիս: Ստորեւ ներկայացվող գրաֆիկում ներկայացված են անցյալ տարվա ամիսներին եւ այս տարվա հունվարին Հայաստանում մեկ կգ համար դրամներով միջին գները (պաշտոնական տվյալներով):

Ասվածից պարզ է դառնում, որ երկրի շուկայում տավարի մսի ռեսուրսները եւ գների մատչելիությունը բնակչության լայն շերտերի համար, հիմնականում կախված են տեղական անասնաբուծության զարգացման աստիճանից:

Վերջին տարիներին անասնաբուծությունում, հատկապես խոշոր եղջերավոր անասունների ոլորտում, նկատվել են բավական անբարենպաստ միտումներ: Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը  անցյալ տարվա սկզբում, տարվա ընթացքում կրճատվել է 47.8 հազարով (կամ  6.5 տոկոսով), այդ թվում կովերի գլխաքանակը ՝ 22.7 հազարով (7.1 տոկոսով):

Նշենք, որ հայրենական անասնաբուծության «ավանդական» խնդիրներին (կերի պակաս, հիվանդությունների պատճառով անկում) ավելացվել է նաեւ կենդանի  անասունների արտահանումը: Նախորդ տարվա հունվար-հունիս ամիսներին հանրապետությունից արտահանվել է 6,9 հազար խոշոր եղջերավոր անասունի գլխաքանակ, դրանցից Իրաք` 6,7 հազար:

Կովերի գլխաքանակի նկատելի կրճատումը հարցականի տակ է դնում մոտ ապագայում խոշոր եղջերավոր անասունների քանակի վերականգնումը:

Ծայրահեղ կետի դեպքում տեղական տավարի մսի արտադրության ծավալը կարող է անկում ապրել, անասնաբուծության այս ճյուղի հետ: Այդ «ծայրահեղ կետին» չհասնելու համար՝ արդեն հիմա պետք է միջոցներ ձեռնարկել  այդ հարցերի արմատական լուծման համար:

Սմբատ Գրիգորյան