«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, փետրվարի 25-ին, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ Զորավար Անդրանիկի ծննդյան օրվա կապակցությամբ հարգանքի տուրք մատուցելու Զորավարի, ինչպես նաեւ 2016 թվականի ապրիլյան պատերազմում զոհված մեր երիտասարդների եւ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հերոսների հիշատակին:

«Երկիր Ծիրանիից» NEWS.am-ին հայտնում են, որ Զարուհի Փոստանջյանը Զորավարի շիրմի մոտ հանդես եկավ կարճ խոսքով՝ նշելով, որ Զորավարը մեր սրտերում ու գաղափարում ապրելու է հավերժ, իսկ իր գործը կիսատ մնալու վերաբերյալ մեզ թողնված պատգամը շուրջ 30 տարի առաջ իր զինվորները՝ մեր երիտասարդները, կանայք ու տղամարդիկ շարունակեցին՝ ասելով, որ կիսատ գործ չի մնալու, եւ սկսվեց Արցախյան շարժումը, որը բեկում մտցրեց մեր պատմության մեջ, եւ որը դավաճանության պատճառով կասեցվեց:

Մատնացույց անելով 2016 թվականի ապրիլյան պատերազմում նահատակված մեր երիտասարդների շիրիմները, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանեցին Հայրենիքը՝ կուսակցության նախագահն ասաց, որ դարձյալ կարող էինք առաջ գնալ, բայց նորից կասեցրեցին, որովհետեւ այսօր նաեւ դավաճաններն են գործում Հայաստանում՝ ինչպես շուրջ 100 տարի առաջ, եւ շեշտեց, որ այսօր էլ դավաճան Սերժ Սարգսյանի պատճառով տեղի ունեցավ ապրիլյան պայմանավորված պատերազմը, եւ Եռաբլուրում ամփոփված մեր երիտասարդները նահատակվեփցին ու փրկեցին Հայրենիքը՝ գործելով Զորավարի պատգամի ներքո:

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ցավալի է, որ նորանկախ Հայաստանում միայն 2000 թվականին Զորավարին տեղափոխեցին հայրենի հող, որպեսզի այստեղից նայի դեպի Արարատ, ապա շեշտեց, որ մենք այստեղից գնալու ենք դեպի Արարատ, մեր արդարության տաճարը, եւ որ Զորավարն է այդ ոգեղեն ուժը մեզ տալիս:

Կուսակցության նախագահը համոզմունք հայտնեց,  որ այսօր մեզ անհրաժեշտ է գործել այդ ոգեղեն ուժի ներքո, որպեսզի կարողանանք հաղթահարել բոլոր մարտահրավերները, որոնցից ամենակարեւորը ներքին թշնամուն եւ դավաճանությունը հաղթահարելն է:

Այցելելով եւ ծաղիկներ խոնարհելով ապրիլյան պատերազմում իրենց կյանքի գնով Հայրենիքը փրկած եւ նահատակված երիտասարդների շիրիմներին՝ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ նրանք Զորավարի զինվորներն էին՝ նրա պատգամի ներքո, եւ կիսատ գործն ավարտին հասցնելու համար էին պայքարում՝ հավելելով, որ Զորավարի զինվորների մի մասն այսօր բանտարկված է, եւ անկախ բոլոր հանգամանքներից՝ պայքարը մղելու ենք, հաղթանակը արձանագրելու ենք, եւ հասնելու ենք մեր արդարության տաճարին՝ Արարատի գագաթին:

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) զինվորների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ Զորավարի մահվանից հետո նրա պատգամը եւ դրոշը բարձրացրեցին մեր գաղտնի բանակի զինվորները եւ հասցրեցին իր նպատակին: Դրանից հետո ստեղծվեցին մեր այսօրվա Ազգային զինված ուժերը, որոնց զինվորների մի մասին այսօր բանտարկել են, քանի որ նրանք նորից ազատագրելու էին մեր Հայրենիքը, եւ նրանք այժմ գտնվում են բանտախցերում, քանի որ դավաճաններն են այսօր իշխում Հայաստանում:

«Երկիր Ծիրանի»-ի նախագահը նաեւ նշեց, որ այսօր կա նոր սերունդ, որը հաշտ չէ այսօրվա իրավիճակին, եւ վրեժ է լուծելու բոլոր նրանցից, ովքեր դավաճանել են մեզ՝ շեշտելով, որ մեր երկրում այսօր իշխող այդ դավաճանների տեղը բանտախուցն է, եւ Զորավարի գործն ու պատգամը կիսատ չենք թողնելու, հասցնելու ենք ավարտին, եւ հասնելու ենք մեր արդարության տաճարին՝ Արարատին: