Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու մեղադրանքով 1 տարվա ազատազրկման դատապարտված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանն ազատ է արձակվել:

«Արմեն Միքայելյանը կրել է պատիժն ամբողջ ծավալով եւ այսօր ազատ է արձակվել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Միքայելյանը բերման էր ենթարկվել 2016թ.-ի  հուլիսի 27-ին, երբ վերադառնում էր «Սասնա ծռերին» աջակցելու ցույցից: Ըստ մեղադրանքի, նրա մոտ հայտնաբերվել է ապօրինի զենք: Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Արմեն Միքայելյանին մեղավոր էր ճանաչել եւ դատապարտել 1 տարվա ազատազրկման: Դատարանը որոշել էր նաեւ Միքայելյանին կալանքի տակ վերցնել նիստերի դահլիճից: