Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր՝ փետրվարի 26-ին, ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի համար «Շտապօգնություն» հրավիրվեց դատարան:
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր պաշտպանական ճառով նախ հանդես եկավ Սամվել Բաբայանը: Նա կրկին պնդեց, որ իրեն հանիրավի են մեղադրում, եւ հորդորեց դատարանին արդար դատավճիռ կայացնել: Երբ հերթը հասավ պետական մեղադրողի՝ դիրքորոշում հայտնելուն, ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը խնդրեց իրեն թույլ տալ դուրս գալ նիստերի դահլիճից, քանի որ «երբ լսում է պետական մեղադրողին, սիրտը վատանում է»: Դատարանն առաջարկեց «Շտապօգնություն» հրավիրել, եթե ամբաստանյալ իրեն վատ է զգում: Սանասար Գաբրիելյանը համաձայնվեց:
Դատական նիստն ընդմիջվել է 30 րոպեով:
Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու գործով 7 մեղադրյալ կար, որոնց վերաբերյալ դատարանը դատավճիռ կայացրեց 2017թ. նոյեմբերի 28-ին: Մեղադրյալները դատապարտվեցին 2-ից մինչեւ 6 տարվա ազատազրկման:




























