Մենք չենք կարող լավ առողջապահական համակարգ ունենալ առանց ապահովագրության: Այս մասին, փետրվարի 24-ին, Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ դիմելով Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին:
Նշվել է, որ Առողջապահության ոլորտում մարզի 4 բժշկական կենտրոնների կողմից մատուցվող վճարովի ծառայությունների ընդհանուր գումարը 2017 թ. կազմել է 432,5 մլն դրամ՝ 2016 թ. 353.4 մլն դրամի դիմաց, 2018 թ. նախատեսվում է թիվը հասցնել 507 մլն դրամի:
Վարչապետն անդրադարձել է առողջապահության ապահովագրության կարեւորությանը՝ նշելով. «Մենք չենք կարող լավ առողջապահական համակարգ ունենալ առանց ապահովագրության: Պետությունը պետք է հստակ ծրագիր ունենա, որպեսզի մենք տարածքային համաչափ զարգացման այս խնդրին ուշադիր լինենք: Բայց եթե խաղի կանոնները ճիշտ դնենք՝ օպտիմալացման խնդիր, լավ աշխատող, վճարովի ծառայություն, այս բոլոր խնդիրները դուրս են գալու: Մրցակցությունն այդ ամենը կարգավորելու է», - ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Կրթության ոլորտում 2017 թ. զարգացումների վերաբերյալ վարչապետին զեկուցվել է, որ մարզի 27 դպրոցում, հիմնականում գյուղական համայնքներում, ստեղծվել են ռոբոտաշինության լաբորատորիաներ, օտար լեզուների ուսուցիչների պակաս գրեթե չկա. այդ պահանջարկը բավարարվում է «Դասավանդի´ր, Հայաստան» (Teach for Armenia) ծրագրի մասնակիցների կողմից: Մարզի բոլոր դպրոցներում դասավանդվում է օտար լեզու, 7 դպրոցում՝ նաեւ երկրորդ օտար լեզու: Ավագ դպրոցներում ներդրվել է ձեռնարկատիրություն առարկան, որը բավական արդյունավետ է: Դիլիջանում IDeA հիմնադրամի աջակցությամբ կազմակերպվել է հանրապետական մասշտաբով բարձր դասարանների բիզնես ծրագրերի (նաեւ անգլերենով) մրցույթ, որի հաղթողը Դիլիջանի դպրոցն է ճանաչվել՝ ստանալով արտերկրում կարողությունները զարգացնելու հնարավորություն: Կառավարության ղեկավարը ողջունել է կատարված աշխատանքը՝ կարեւորելով երեխաների բազմակողմանի զարգացման համար անհրժեշտ կրթական հնարավորությունների ապահովումը:
Խորհրդակցությանը քննարկվել են նաեւ համայնքային, մարզային եւ հանրապետական գույքի արդյունավետ կառավարմանը, շինթույլտվությունների քանակին եւ շինարարության ծավալին, միջհամայնքային ճանապարհների վերանորոգման ոչ ստանդարտ լուծումներ գտնելուն, Տավուշի մարզի գոտիավորմանը վերաբերող եւ մի շարք այլ հարցեր:




























