Սումգայիթում տեղի ունեցած իրադարձություններն Ադրբեջանում հայերի հետագա ջարդերի սկիզբ դարձան: Նման կարծիք «Սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցը» թեմայով կլոր սեղանի ժամանակ հայտնեց Հայոց հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի ղեկավար, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմեն Մարուքյանը:

Նա հիշեցրեց, որ դեռ 1989 թվականին ջարդեր տեղի ունեցած Կիրովաբադում, ապա՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: «Իսկ այժմ մենք ականատես ենք, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները սկսել հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան Ռամիլ Սաֆարովի հերոսացման գործընթացը»,- ավելացրեց Մարուքյանը: Պատմաբանը նաեւ թվարկեց այն հանցագործություններն ու վայրագությունները, որոնք ադրբեջանցի զինծառայողների կողմից իրականացվեցին 2016 թվականին Թալիշում, երբ նրանք սպանեցին իրենց գյուղը լքել չհասցրած տարեցներին: Բացի այդ, նա հիշեցրեց, թե ինչպես են ադրբեջանցիները վարվել հայ ռազմագերիների հետ  ապրիլյան պատերազմի ժամանակ՝ նրանց գործողությունները որակելով որպես դաժան եւ անմարդկային:

Արմեն Մարուքյանի կարծիքով՝ ադրբեջանական կողմի հանցագործություններն ամբողջովին համապատասխանում են ՄԱԿ-ի՝ ցեղասպան բնույթի հանցագործությունների իրականացման վերաբերյալ կոնվենցիային: Միեւնույն ժամանակ, փորձագետը վրդովմունք հայտնեց առ այն, որ «հայկական կողմը՝ ի դեմս կառավարության եւ արտաքին գործերի նախարարության, բավարար ջանքեր չի գործադրում, որպեսզի Բաքուն պատասխանատվություն կրի նախկինում կատարած հանցագործությունների համար՝ ինչպես Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում եւ այլ հայաբնակ քաղաքներում, այնպես էլ ապրիլի դեպքերի ժամանակ»: Հայաստանի դիրքորոշումը, ըստ պատմաբանի, պասիվ եւ պարտվողական է:

Հիշեցնենք, որ 1988 թվականի փետրվարի 27-29-ին՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ից Հայկական ԽՍՀ-ին փոխանցելու միջնորդության որոշումից ընդամենը մի քանի օր անց, Բաքվից 25 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայ բնակչության զանգվածային ջարդերը: Տեղական իշխանությունների եւ ոստիկանության անգործության պայմաններում ազգային պատկանելիության պատճառով զանգվածային սպանությունները, բռնաբարություններն ու ծաղրանքները դադարեցնել հաջողվել է միայն ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումների՝ քաղաք մուտք գործելուց հետո: Բազմաթիվ փորձագետների կարծիքով՝ կոտորածները հրահրվել էին Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի եւ իր գլխավորած Նախիջեւանի կլանի կողմից, որոնց նպատակն էր վարկաբեկել հանրապետության ղեկավարությանը եւ նորից գլխավորել հանրապետությունը: Նմանատիպ իրավիճակ էր տիրում նաեւ 1990 թվականի հունվարի 13-ից 19-ը Բաքվում տեղի ունեցած հայերի էլ ավելի զանգվածային ջարդերի ժամանակ: