Թեղուտի հանքավայրը կարող է հայտնվել տեխնածին աղետի սահմանին: Այս մասին փետրվարի 26-ին «Անպատասխանատու լեռնահանքային արդյունաբերություն. Ո՞վ կկանխի թեղուտյան աղետը եւ կվերականգնի ոչնչացված բնությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Համահայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանը:

Նրա խոսքով՝ Թեղուտի հանքավայրի շահագործումը եւս մեկ անգամ ապացուցեց, որ պատասխանատու լեռնահանքային արդյունաբերության մասին խոսակցությունները ընդամենը առասպել են: «Թեղուտ» ՓԲԸ գործունեությունը դադարեցնելու պատճառների եւ բնապահպանական վնաս հասցնելու մասին միայն լուրեր եւ ենթադրություններ են տարածվում, եւ փաստացի տեղեկություն չկա իրենից՝ շահագործող ընկերությունից ու պատասխանատու կառույցներից: «Նրանց բոլոր տեղեկությունները սոսկ էժանագին մանիպուլյացիաներ են, որոնք Թեղուտի հանքավայրի եւ պոչամբարի վիճակի իրական  պատկերը չեն արտացոլում»,- նշեց բնապահպանը:

Ինչպես հայտնեց փորձագետը, «Համահայկական բնապահպանական ճակատի» անցկացրած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Թեղուտի հանքավայրի շահագործման դադարեցման պատճառը պոչամբարի ամբարտակի անկայունությունն է: «Անթույլատրելի է պոչամբարի անվտանգության մասին խոսել միայն համապատասխան գերատեսչությունների այն հայտարարությունների հիման վրա, որ իրենք եղել են տեղում եւ տեսել են, որ ճեղքեր չկան: Իշխանությունները պետք է լուրջ հետազոտություններ նախաձեռնեն»,- շեշտեց Լեւոն Գալստյանը:

Միաժամանակ, բնապահպանի խոսքով, ամբարտակի վրա ճեղքերի առկայությունը նշանակում է, որ անվտանգության սահմանագիծն արդեն անցել են, եւ մոտենում է տեխնածին աղետի պահը, քանի որ Թեղուտի հանքավայրի պոչամբարը ցանկացած պահին կարող է փլուզվել:

Հիշեցնենք, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն, որը մտնում է Vallex ընկերությունների խմբի մեջ, 2 ամիս ժամկետով դադարեցրել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը: Թեղուտի հանքավայրը Հայաստանում պղնձի եւ մոլիբդենի պաշարներով երկրորդն է Քաջարանի հանքավայրից հետո: Գտնվում է Լոռու մարզում, Թեղուտ եւ Շնող գյուղերի մոտ՝ Թեղուտի անտառում: Հանքավայրի պղնձամոլիբդենային հանքաքարի պաշարները գնահատվում են 450 մլն տոննա, մոլիբդենի հաստատված պաշարները կազմում են մոտ 100 հազար տոննա, պղնձի՝ 1,6 մլն տոննա: