Իրավունքի գերակայության գլխավոր գրավականը անկախ դատական համակարգ ունենալն է, իսկ մենք հիմա կանգնած ենք անկախ դատական համակարգ ունենալու եզրին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Հայաստանն առայսօր չունի լիարժեք անկախ դատական համակարգ: Հիմա եկել է պահը, որ ուզում ենք կյանքի կոչել այդ նպատակը: Իսկ դա պետք է իրականացվի լավ կադրերով: Այդ մարմնում պետք էին մարդիկ, որոնց անցյալը, հեղինակությունը զսպաշապիկ լիներ ոչ միայն բախտախնդիր դատավորների համար, այլեւ անձեռնմխելի պահեր ապագայում ձեւավորվելիք այդ կառույցը: Գագիկ Հարությունյանն ու Գեւորգ Դանիելյանը լիարժեք հավակնում են այդ դերին»,-ընդգծեց Պետրոսյանը՝ հավելելով, որ այստեղ նստած է այն կազմը, որն ունակ է պատշաճ իրականացնելու դատական անկախ համակարգ ունենալու դրույթը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցություններն ԱԺ կողմից ընտրվող բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների պաշտոններում առաջադրել են՝ առաջին պաշտոնում՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, երկրորդ պաշտոնում՝ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանին, երրորդում՝ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանին, 4-րդում՝ փաստաբան Հայկ Հովհաննիսյանին, եւ 5-րդում՝Երեւանի պետական համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Մեղրյանին:

Նշենք, որ ԲԴԽ 10 անդամներից 5-ին ընտրում է ԱԺ-ն, մյուս 5-ը լինելու են բոլոր ատյանների դատարանների դատավորներից: