Ազգային ժողովում այսօր՝ փետրվարի 28-ին բավական բուռն քննարկում է ընթացել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկմանը։
Օրինագծով նախատեսվում է, որ պետական պաշտոն զբաղեցրած անձը կենսաթոշակի իրավունք ունի, եթե չի զբաղեցնում հանրային ծառայության պաշտոն:
Ըստ հանրապետական Հակոբ Հակոբյանի, դա արվել է սերնդափոխություն ապահովելու համար։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, «Ծառուկյան» խմբակցությունից Վարդան Բոստանջյանն ու «Ելք»խմբակցությունից Արտակ Զեյնալյանը նշեցին, որ այդ դրույթը հակասում է սահմանադրությանն ու մարդու իրավունքներին, նշանակություն չունի, թե որքան թոշակ է ստանում լավ մասնագետը, նա իրավունք ունի շարունակել աշխատել, եթե ունի բավարար հմտություններ։
«Կենսաթոշակն իրավունք է, մարդն իր աշխատանքային գործունեությամբ վաստակում է այդ իրավունքը։ Այդ իրավունքը հայեցողաբար չի կարող օգտագործվել»,- իր ելույթում նշեց Խոսրով Հարությունյանը։
Հակոբ Հակոբյանը փորձում էր համոզել, թե օրենքի դրույթը համապատասխանում է օրենսդրությանը։ Վարդան Բոստանջյանի դիտարկմանը պատասխանելիս Հակոբ հակոբյանը մի պահ նույնիսկ բարձրացրեց ձայնը։ «Մի ջղայնացեք, պարոն Հակոբյան»,- արձագանքեց տեղից ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ինչից հետո Ազգային ժողովում ծիծաղի ալիք բարձրացավ։




























