Երեւանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի մասնագիտական աշխատանքային խմբի նիստին այսօր՝ փետրվարի 28-ին, մասնակցել է նաեւ ցանցի նախագծման պատասխանատուներից WYG խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Ռիչարդ Բառլեյը։ Վերջինը Երեւան է ժամանել նոր ցանցին առնչվող տեղում՝ ըստ հասցեների կատարված ուսումնասիրությունների արդյունքներին ծանոթանալու նպատակով։ Ըստ ստացված արդյունքների եւ դիտարկումների՝ կատարվելու են ցանցի նախագծի լրամշակման աշխատանքներ։ Քաղաքապետի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ մի շարք հարցեր են ներկայացվել խորհրդատուին՝ ցանցի վերանայման եւ լրամշակման համար։

«Երեւանի քաղաքապետարանը, որպես գործընթացի նախաձեռնող եւ խորհրդատու կազմակերպության առջեւ հստակ պահանջներ առաջադրած կառույց, արդեն իսկ խորհրդատու կազմակերպությանը ներկայացրել է բազմաթիվ դիտարկումներ, որոնք հաշվի առնելով տարվում են ցանցի լրամշակման աշխատանքներ։ Մենք ստացել ենք նաեւ դիտարկումներ Ուղեւորափոխադրողների միությունից եւ Ճանապարհային ոստիկանությունից, որոնք եւս ներկայացվել են խորհրդատու կազմակերպության մասնագետներին»,- նշել է Վահե Նիկոյանը՝ հավելելով, որ խորհրդատուին ներկայացված դիտարկումները վերաբերել են որոշ փողոցների թողունակությանը, մի քանի հատվածներում ցանցի անբավարար ծածկույթին, ինչպես նաեւ՝ կանգառների նպատակահարմարությանը։

Հավելենք, որ մասնագիտական աշխատանքային խմբի անդամներին ներկայացվել է նաեւ հատուկ հավելված, որով նրանք կարող են ավելի մանրամասնորեն ուսումնասիրել նոր ցանցի նախագծի ծածկույթը եւ տարբեր երթուղիների արդյունավետությունը։ Հաշվի առնելով, որ տվյալ հավելվածն աշխատանքային է, այս պահին այն հասանելի է միայն մասնագիտական խմբի անդամներին։

Երեւանի քաղաքապետի տեղակալ, մասնագիտական աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանի առաջարկով հաջորդ նիստի ընթացքում քննարկվելու են կանգառների, ավտոբուսների, վարորդների եւ սպասարկման ընդհանուր չափորոշիչների վերաբերյալ խնդիրներ։ Հարկ է նաեւ նշել, որ տրանսպորտի նոր ցանցի խորհրդատուի կողմից լրամշակված նախագիծը ներկայացվելու է հանրությանը՝ դիտարկումների համար։