«Բարձրագույն կրթության մասին» օրինագիծը պետք է դիտարկել ավելի լայն շրջանակում: Փետրվարի 28-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ժամին, պատասխանելով ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, այս մասին հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ օրինագիծը բազմամակարդակ քննարկումներ է անցել: «Խորհրդարանը լսումներ է անցկացրել այս հարցի վերաբերյալ, եւ մենք պատրաստ ենք շատ հանգիստ կետ առ կետ քննարկել այն բոլոր խմբակցությունների հետ»,- վստահեցրեց նախարարը:

Ընդ որում, ըստ Մկրտչյանի, այս հարցը չափազանց մտահոգում է բնակչության երիտասարդությանը՝ հավելելով, որ տոկոսային հարաբերակցությամբ երկրում 35-50 տարեկան տարիքային խմբի դասախոսներն ու ուսուցիչները ընդամենը 6 տոկոս են կազմում, մինչդեռ եվրոպական երկրներում այս ցուցանիշը միջինում կարող է 60 տոկոսի հասնել: Որպես օրինակ՝ նա նշեց այն երկրները, որտեղ կրթության ոլորտում արդեն իսկ տարիքային սահմանափակումներ են կիրառվում՝ հավելելով, որ լավ կլինի, եթե հաջողվի համաձայնության գալ այս հարցի շուրջ:

ՀՀ խորհրդարանի՝ «Ծառուկյան» դաշինքից փոխխոսնակ Միքայել Մելքումյանն իր հերթին արդարության ապահովման նկատառումներով առաջարկեց տարիքային սահմանափակումներ սահմանել նաեւ բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների, ինչպես նաեւ այլ աշխատակիցների նկատմամբ՝ հասցնելով սահմանը 65 տարեկանի, այլ ոչ թե՝ բարձրացնել մինչեւ 70 տարեկան, ինչպես եւ նախատեսվում է աղմկահարույց օրինագծով:

Նշենք, որ, վերոնշյալ օրինագծի համաձայն, ՀՀ բուհերում եւ այլ ուսումնական հաստատություններում դասավանդողների նկատմամաբ տարիքային սահմանափակումներ կկիրառվեն: Այդպես, առաջարկվում է, որպեսզի բարձրագույն ուսումնական հաստատություններում քաղաքացիները կարողանան գիտական եւ ուսումնական գործունեություն ծավալել մինչեւ 65 տարեկանը, իսկ բուհերի ռեկտորներին կթույլատրվի մնալ պաշտոնում է մինչեւ 70 տարեկանը: