Մարտի 1-ի մեղավորներին գտնել, պատժելը որքան էլ կարեւոր են տուժողների համար, նույնքան էլ կարեւոր է իշխանությունների համար։ Այդ մասին խորհրդարանում այսօր՝ մարտի 1-ին հայտարարել է ԱԺ պատգամավոր, ՍԴ անդամի թեկնածու Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին։

Փաշինյանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԴ անդամի թեկնածու Հրայր Թովմասյանին հիշեցրեց 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի մասին դեռեւս 2009 թվականին վերջինիս արտահայտած դիրքորոշումը, ըստ որի այդ դեպքերը ամոթ էին երկրի համար եւ պետք էր կարճել հարուցված քրգործերը: «2009 թվականին հայտարարել եք. «Մարտի 1-ի դատավարություններն ամոթ էին երկրի համար: Այդ դեպքերի լավագույն հանգուցալուծումը համաներումը չէ, ես գտնում եմ, որ մարտի 1-ի դեպքերի լավագույն լուծումը հարուցված գործերի կարճումն էր այդ նույն ժամանակահատվածում: Պատմությունը պետք է պատասխան տա նաեւ «Մարտի 1»-ի սպանությունների համար»,- ասել է Փաշինյանն ու հարց է տվել՝ արդյոք Հայաստանում երբեւէ եղել են քաղբանտարկյալներ. «Ովքեր էին այն մարդիկ, որոնք մարտի 1-ի ձեր նշած, ձեր գնահատմամբ խայտառակ դատավարությունների արդյունքում հայտնվեցին բանտերում»:

Ի պատասխան Թովմասյանը նշեց, որ միջազգային ասպարեզում քաղբանտարկյալների մասով կա մի քանի մոտեցում: Ամենատարածվածը «Միջազգային համաներում» կազմակերպության կողմից սահմանված չափորոշիչներն են, որի կիրառման պարագայում անգամ ֆրանսիական անարխիստները դիտարկվում էին որպես քաղաքական բանատարկյալներ, եւ որի համաձայն, անկախ հանցագործության տեսակից, եթե դա կատարվել է քաղաքական դրդապատճառով, դա դիտրակվում է որպես քաղբանտարկյալ: «Այս կազմակերպությունը Հայաստանի վերաբերյալ ունեցել է դիտարկումներ եւ  միայն երկու դեպքում է ասել, որ կան քաղբանտարկյալներ»,-ասաց նա՝ չցանկանալով նշել, թե որ երկու դեպքերի մասին է խոսքը:

Բացի այդ, ըստ Թովմասյանի, Եվրոպայի Խորհրդում քաղբանտարկյալների հարցի քննարկումը սկսվել է հենց Հայաստանից, երբ 2001-ին Հայաստանն ու Ադրբեջանը հայտ էին ներկայացրել անդամակցել ԵԽ-ին: «Այս երկու երկրների քաղհասարակությունները ցուցակ էին ներկայացրել, որ իրենց մոտ կան քաղբանտարկյալներ: Միայն 2012-ին ԵԽ-ն ընդունեց բանաձեւ, որտեղ քաղբանտարկյալների չափորոշիչները սահմանվեցին: Ըստ այդմ, քաղբանտարկյալ է համարվում այն անձը, որը դատապարտվել է Եվրոպական կոնվենցիայի իրավունքների խախտմամբ: Այդ ժամանակահատվածում որեւէ զեկույցով չի գրանցվել, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ»:

Ինչ վերաբերում է «Մարտի 1»-ին, ՍԴ անդամի թեկնածուն նշեց. «Մարտի 1»-ի դատավարությանն անդրադառնալիս ես ոչ թե խոսել եմ կոնկրետ դատավարության մասին, այլ այն մասին, որ եթե այդ երեւույթը կա որեւէ երկրում, դա խնդիր է այդ երկրի համար: Ես ունեմ տարբեր հարցազրույցներ, որտեղ օբյեկտիվ հետեւություններ եմ արել ծնող պատճառների, դրա հետեւանքների, բոլոր հանգամանքների մասին: Նույնիսկ նշել եմ, որ մեղավորներին գտնել, պատժելը որքան էլ կարեւոր են տուժողների համար, նույնքան էլ կարեւոր է իշխանությունների համար»:

Նշենք, որ Հրայր Թովմասյանն առաջադրվել է ՍԴ անդամի թեկնածու: ՍԴ անդամի տեղը թափուր էր մնացել Կիմ Բալայանի կողմից այդ պաշտոնը թողնելուց հետո: