Արդեն տասը տարի է, երբ Հայաստանի իշխանությունները գնդակահարեցին սեփական ժողովրդին։ Այդ մասին այսօր՝ մարտի 1-ին Ազատության հրապարակում ընթացող հավաքում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը։
Նրա խոսքով, մարտի 1-ից հետո մեր երկիրը ետ ընկավ մի անորոշ երկար ժամանակահատված, հետ ընկավ երկրագնդի հետամնաց երկրների շարքը։ «Գնդակահարվեց ժողովրդավարությունը։
10 տարիները ոչինչ չեն տվել ի հեճուկս տրված խոստումների։ Իրենք իրենց չեն դատի։ Իրենց ոհմակին չեն դատի»,- ասել է նա։
Արամ Մանուկյանը նշեց, թե մարտի 1-ի զոհերը զոհվել են հանուն Հայաստանի Հանրապետության։ ՀԱԿ փոխնախագահը ընթերցեց տասը զոհերի անունները, իսկ հավաքվածներն արձագանքեցին ծափահարություններով։
Զոհվածներից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն էլ նշեց, թե իրենք պայքարելու են այնքան ժամանակ, մինչեւ գործը բացահայտվի։ «Փակողն իրենք են, մենք բացահայտողը»,- նշել է նա։




























