Հայաստանում առանց համապատասխանության հավաստագրերի վաճառվող խաղալիքների քանակը 2017 թվականի ընթացքում ավելացել է 12.5 տոկոսով: Այս մասին մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ 2017 թվականին Հայաստան 76 ընկերություններ են խաղալիքներ ներմուծել, որոնցից միայն 14-ն են համապատասխանության հավաստագրեր ունեցել, 2016-ին ներմուծողների թիվը 59-ն էր, որից միայն 4-ը ունեին համապատասխանության վկայագիր: 2018 թվականին ստուգումներ կիրականացվեն 49 տնտեսվարող սուբյեկտների շրջանում: Թվերը մխիթարող չեն:
«Խաղալիքների շուկան Հայաստանում ամենառիսկայինն է, խախտումներն այստեղ հիմնականում կապված են համապատասխանության եւ նշագրման վկայագրերի բացակայության հետ, եւ ես կոչ եմ անում քաղաքացիներին խաղալիքներ գնելիս վաճառողներից պահանջել համապատասխանության վկայագիր ներկայացնել եւ ստուգել նշագրության առկայությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ համապատասխանության հավաստագիրը վկայում է այն մասին, որ խաղալիքը լաբորատոր հետազոտություն է անցել եւ համապատասխանում է անվտանգության պահանջներին:
«Տեղեկացված եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սիրանուշ Զաքարյանը նշեց, որ 2017 թվականին կազմակերպությունը հարցում է անցկացրել 719 բնակչի եւ 100 տնտեսվարող սուբյեկտների շրջանում` պարզելու, թե որքանով են սպառողները եւ վաճառողները տեղեկացված համապատասխանության հավաստագրերի վերաբերյալ: Ըստ այդ տվյալների՝ հարցվածների 54 տոկոսը նշել է, որ խաղալիքներ գնում է մոտակա խանութներից, 26 տոկոսը` մասնագիտացված խանութներից, 12 տոկոսը՝ մեծածախ առեւտրի կետերից: Հարցվածների միայն 6 տոկոսն է նշել, որ խաղալիքներ գնելիս վաճառողներից համապատասխանության հավաստագրեր է պահանջում, 41 տոկոսն առաջին հերթին հատուկ ուշադրություն է դարձնում խաղալիքի գնին, 38 տոկոսը՝ արտաքին տեսքին եւ 15 տոկոսը՝ նշագրմանը:
Միեւնույն ժամանակ, հարցվածների միայն 61 տոկոսն է նշել, որ գաղափար ունի, թե ինչ վտանգ խաղալիքները կարող են ներկայացնել երեխաների առողջության համար, միայն 28 տոկոսն է կարողացել թվարկել պոտենցիալ վտանգներից ավելի քան 40 տոկոսը: «Մենք պարզել ենք նաեւ, որ խաղալիքների ներմուծման ծավալները հիմնականում տարբերվում են համապատասխանության հավաստագրերի քանակից. 2017 թվականին 3 ընկերություն է դիմել Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն համապատասխանության հավաստագիր ստանալու համար, որոնք 34 հավաստագիր են ստացել», - ասաց Զաքարյանը:
Նրա խոսքով՝ վկայագրերի եւ նշագրերի բացակայությունն ամենից շատ հայտնաբերվել է նրանց մոտ, ովքեր վերավաճառքով են զբաղվում: Նրանցից 11 տոկոսը նշել է, որ տեղյակ չի եղել գնորդի կողմից համապատասխանության հավաստագիր պահանջելու իրավունքի մասին, 43 տոկոսը նշել է, որ չգիտի, որ խաղալիքների ցանկացած խմբաքանակը պետք է հավաստագրում անցնի:
«Հարցված գրեթե բոլոր տնտեսվարող սուբյեկտները դժվարացել են պատասխանել հարցին, թե քանի խմբաքանակ խաղալիք է վաճառվում խանութում եւ քանի հավաստագիր կա: Ըստ նրանց պատասխանների՝ պարզվում է, որ գնորդների 86 տոկոսը համապատասխանության վկայագրեր չի պահանջում»,- նշեց ՀԿ-ի ղեկավարը: Նա նաեւ հավելեց, որ հարցված տնտեսվարողների միայն 14 տոկոսն է տեղեկացված, որ խաղալիքները կարող են վտանգավոր լինել առողջության համար, 86 տոկոսը նշել է, որ համապատասխանության հավաստագրերի առկայությունը լրացուցիչ ֆինանսական բեռ է:




























