ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը երեքշաբթի կսկսի իր առաջին այցը Աֆրիկա, հայտնել են Պետքարտուղարությունից: Մարտի 6-13-ը տեւող ուղեւորության ընթացքում ամերիկացի դիվանագետը կայցելի Չադ, Ջիբութի, Եթովպիա, Քենիա եւ Նիգերիա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պետքարտուղարը ծրագրում է քննարկել ահաբեկչության դեմ պայքարի, խաղաղության ու անվտանգության առաջմղման եւ փոխադարձ առեւտրի ու ներդրումների ոլորտներում աշխատանքի ուղիները, լրագրողներին ավելի վաղ հայտնել էր Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը:
Բացառված չէ, որ բացի կապեի ընդլայնումից, Թիլերսոնը ստիպված կլինի ուղեւորության ընթացքում թեկուզ մասնակի զբաղվել «ճգնաժամային մենեջմենթով»:
Թիլերսոնը հունվարին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն շահագրգռված է աֆրիկյան երկրների հետ լավ հարաբերություններով, երբ մամուլի ասուլիսի ժամանակ նրան հարցրել էին, թե նրանց հետ Վաշինգթոնի հարաբերությունները սպառնալիքի ներքո չեն հայտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խիստ արտահայտությունների պատճառով: Սկանդալը բռնկվել էր, երբ լրատվամիջոցները հայտնել էին, որ սենատորների հետ ներգաղթի հարցով խորհրդակցության ժամանակ Թրամփը երրորդ աշխարհի երկրներին անվանել էր «կեղտոտ խորշեր» (shithole): Հաղորդվում էր, որ Թրամփը հիշատակել է Հաիթին, Սալվադորը, մի շարք աֆրիկյան պետություններ: Թրամփի բառերը աշխարհի տարբերի երկրների խիստ պատասխանին ու քննադատությանն էին արժանացել



























