Կառավարությունը մարտի 6-ի նիստում բացասական եզրակացություն է  տվել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու օրինագծին», որով նախատեսվում էր միասնական հնգօրյա ժամկետ սահմանել նպաստներ նշանակելու, այն դադարեցնելու կամ մերժելու համար։ Որոշման նախագիծը ներկայացրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

Նրա խոսքով, առաջարկվող իրավական նորմերը չեն բխում «Պետական նպաստների մասին» օրենքի տրամաբանությունից, միջազգային պրակտիկայի եւ սոցիալական քաղաքականության սկզբունքներից եւ նպատակներից։ «Օրենքով նախատեսված է 11 տեսակի պետական նպաստներ, որոնք ունեն նշանակման, դադարեցման կամ մերժման իրենց ժամկետները՝ կախված իրենց առանձնահատկություններից, տեղեկատվության հավաքագրման անհրաժեշտ ժամկետներից եւ պետական մարմինների տվյալների բազայում հաշվառման համար»,–պարզաբանել է նախարարը։

Օրինակ, նրա խոսքով, ընտանեկան նպաստի հաստատման համար անհրաժեշտ է գնահատել տվյալ ընտանիքի սոցիալ–տնտեսական վիճակը, եւ այդ նպատակով տարեկան կատարվում են շուրջ 300 հազար տնայցեր: Երբեմն, պահանջվում են պարբերական այցեր:

Օրինագծի հեղինակը «Ելք» խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն է։