Հայաստանի ԱԺ-ն, այսօրէ՝ մարտի 7-ին, 60 կողմ 35 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի նախագիծը: Օրինագծին դեմ էին «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ օրինագծի միջհամայնքային միավորումները կարող են ձեւավորվել երկու եղանակով՝ կամավոր եւ կառավարության կողմից՝ հանրային շահերից ելնելով: Այս նախագծով սահմանվում է միջհամայնքային միավորման հասկացությունը, մարմինները, գործունեության կարգը, լիազորությունները եւ դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները:

Ըստ այդմ, միջհամայնքային միավորումը տեղական ինքնակառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կամ հանրային շահերից ելնելով ստեղծված համայնքների միավորում է, որն իրականացնում է օրենքով կամ համայնքների ավագանիների որոշումներով իրեն վերապահված լիազորությունները:

Միջհամայնքային միավորումը կարող է ունենալ գույք, ունենալ եկամուտներ, ծախսեր, կնիք: Միջհամայնքային միավորման խորհուրդն իրավունք ունի ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ անհատական իրավական ակտեր: Միջհամայնքային միավորումը կստեղծվի ավագանիների կողմից կամ օրենքով:

«Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցության պատգամավորները առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ մտահոգություն էին հայտնել, որ այս օրինագծով համայնքների էլ ավելի հանրապետականացման եւ համայնքներում եւս ՀՀԿ-ի մենաշնորհ հաստատելու փորձ է արվում:

«Հանրապետականացո՞ւմ, թե՞ ոլորտի կարգավորում». «Միջհամայնքային միավորումների մասին» օրինագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ