Հայաստանում չպետք է անցկացվի ընտանիքներից երեխաներին վերցնելու քարոզչություն եւ քաղաքականություն՝ նրանց համապատասխան հաստատություններում տեղավորելու նպատակով: Այս մասին «Ծայրահեղ աղքատություն. երեխաներ, որոնք սոցիալական պետությունում մահանում են սովից» թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց Երեխաների պխաշտպանության Safe the Children-ի հայաստանյան գրասենյակի փորձագետ Գրիգորի Գրիգորյանցը:
Նրա խոսքով՝ Հայաստանում գործող այդ հաստատությունները ժամանակակից պահանջներին ու նորմերին չեն համապատասխանում եւ բարեփոխումների կարիք ունեն: «Այսինքն՝ սա արդեն ինքնին խնդրահարույց է դառնում եւ նվազագույնը պրոֆեսիոնալ չէ: Ինչո՞ւ: Որովհետու Երեխաների իրավունքների մասին միջազգայի կոնվենցիան, որը նաեւ Հայաստանն է վավերացրել, հստակ կարգավորում ու անդրադառնում է այս խնդրին»,- պարզաբանեց Գրիգորյանցը:
Այսպես՝ իրավապաշտպանի խոսքով, այս կոնվենցիայով երեխայի կամ ընտանիքի աղքատությունը չի կարող նրան վերցնելու եւ մանկատուն հանձնելու պատճառ լինել: Դրանից բացի, ինչպես համարում է Գրիգորի Գրիգորյանցը, ընտանիքից երեխային վերցնելու դեպքում նրան, ըստ էության, զրկում են ընտանեկան ջերմությունից եւ մտերմությունից, ինչը չափազանց կարեւոր է ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական նորմալ զարգացման համար: «Սա, ի վերջո, կարող է երեխայի մոտ հիվանդության առաջացման պատճառ դառնալ»,- ընդգծեց իրավապաշտպանը:




























