Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հունվարի 10-ին գյուղատնտեսության նախարարության աշխատակիցներին է ներկայացրել նոր նախարար Սերգո Կարապետյանին:
Նրա խոսքով, Սերգո Կարապետյանը լավ ծանոթ է գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին:
«Մենք սերտորեն համագործակցել ենք նրա հետ տարիների ընացքում, երբ գործը հասել էր գնումներին, գյուղատնտեսության ոլորտի իրավիճակի քննարկմանը»,- ասելէ վարչապետը:
Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ Սերգո Կարապետյանը արագ հունի մեջ կմտնի եւ կարող է իրականացնել այն բարեփոխումները, որոնք ակնկալում է կառավարությունը:
«Հուով եմ՝ 2011-ին չեն կրկնվի անցած տարվա ծանր պայմանները, եւ գյուղատնտեսության մեջ նման անկում չի գրանցվի»,- ասել է կառավարության ղեկավարը:
Տիգրան Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանին՝ կատարված աշխատանքի համար:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Սերգո Կարապետյանը գյուղատնտեսության նախարար է նշանակվել դեկտեմբերի 31-ին: Նա Արտաշատի «Արտֆուդ» գործարանի տնօրենն էր:




























