Եվրամիության հետ Վրաստանի վիզայի ազատականացմանը կասեցման վտանգ չի սպառնում: Այս մասին նախօրեին լրագրողների հետ զրուցյում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, հաղորդում է newsgeorgia.ge-ն:

Նշենք, որ մարտի 8-9-ը Բրյուսելում տեղի է ունենում ԵՄ երկրների արդարադատության եւ ներքին գործերի նախարարների հանդիպումը: Այդ հանդիպմանը քննարկվում են նաեւ միգրացիոն խնդիրները, մասնավորապես, մինչ հանդիպումը, Գերմանիայի եւ Շվեդիայի ներքին գործերի նախարարները հայտարարություններ են արել Վրաստանի վերաբերյալ:

Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը հայտարարել է, որ Վրաստանից ապաստան փնտրողների թվի աճը մտահոգիչ է, եւ Վրաստանի կառավարությունն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի այդ թիվն է՛լ ավելի չաճի: Նա նշել է, որ հարկավոր է Եվրահանձնաժողովի հետ դիտարկել արդյունքները, եթե շարունակվի իրադարձությունների նման զարգացումը:

Իր հերթին, Շվեդիայի արդարադատության եւ ներքին գործերի նախարար Մորգան Յոհանսոնը նշել է, որ առանձնացվել է չորս երկիր միջազգային հանցավոր խմբավորումների տեսանկյունից՝ Ռումինիա, Լիտվա, Լեհաստան եւ Վրաստան:
«Մենք ցանկանում ենք, որ Վրաստանի կառավարությունը միջոցներ ձեռնարկի այդ հանցավոր գործողությունների դեմ»,- ասել է նա ու հավելել. «Ուզում եմ երկխոսություն ծավալել Վրաստանի հետ: Ես գիտեմ, որ Վրաստանի ՆԳ նախարարը նախատեսում է այցելել Շվեդիա հաջորդ շաբաթ: Նախորդ շաբաթ ես հանդիպել եմ Վրաստանի դեսպանի հետ եւ պետք է ասեմ, որ հանդիպումը շատ կառուցողական էր: Ես կարծում եմ, որ հաջորդ շաբաթ մենքշատ լավ հանդիպում կունենանք: մենք կնախանշենք կոնկրետ միջոցառումներ՝ Վրաստանի եւ Շվեդիայի ոստիկանությունների միջեւ համագործակցությունը բարելավելու համար»:

Յոհանսոնը նաեւ ընդգծել է, որ չգիտի՝ արդյոք այդ հանդիպմանը կդրվի Վրաստանի հետ վիզաների ազատականացման ռեժիմը դադարեցնելու մեխանիզմը գործի դնելու հարցը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2017-ի մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները հնարավորություն ստացան Եվրամիության երկրներ այցելել՝ առանց մուտքի արտոնագրի: Ըստ Վրաստանի ԱԳՆ-ի՝ նախորդ տարվա ապրիլից առանց վիզայի ռեժիմից օգտվել է Վրաստանի 220 հազար քաղաքացի: