Զինծառայությունից խուսափելու մեջ մեղադրվող զորակոչիկ Տ.Մ.-ն ը դատարանի որոշմամբ լրացուցիչ փորձաքննության կենթարկվի:

Այս առնչությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«2018 թ. փետրվարի 15-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց դատաբժշկական եւ ռազմաբժշկական համալիր փորձաքննություն նշանակել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմանը համաձայն չլինելու պատճառով զինծառայության չմեկնած զորակոչիկ Տ. Մ.-ի գործով:

Նախկինում երկու անգամ տարկետում ստացած զորակոչիկին առողջական նույն խնդիրներով ՀՀ ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը նախ 2016 թ. հուլիսի 28-ին, ապա 2017 թ. հունվարի 30-ին զինծառայությանը պիտանի է ճանաչել: Սակայն զորակոչիկը համաձայն չի եղել որոշումների հետ եւ զինծառայության չի մեկնել:

Տ. Մ.-ն եւ նրա ներկայացուցիչ Ս. Սողոմոնյանը Վարչական դատարանում վիճարկում են նաեւ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի՝ զորակոչիկին զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչելու որոշումները:

Զինծառայությունից խուսափելու հիմքով 2016 թ. սեպտեմբերի 7-ին հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Տ. Մ.-ի ունեցած առողջական խնդիրների ուղղությամբ նշանակված դատաբժշկական փորձաքննություններով հիվանդության վաղեմությունը որոշել հնարավոր չի եղել, բայց եւ փաստվել է, որ այն առողջական խնդիրները, որոնց հիման վրա զորակոչիկը նախկինում տարկետում է ստացել, շարունակում են առկա լինել, եւ առողջության բարելավում չի նկատվել:

Չնայած դրան՝ վարույթն իրականացնող մարմինը, առանց դատաբժշկական եզրակացության հիման վրա ռազմաբժշկական փորձաքննություն նշանակելու, Տ. Մ.-ին մեղադրանք է առաջադրել եւ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան:

Ընդ որում՝ մեղադրական եզրակացության հիմքում այն նույն բժշկի ցուցմունքներն են, որը զորակոչիկին զինծառայությանը պիտանի է ճանաչել, եւ որի կայացրած որոշմանը համաձայն չի եղել զորակոչիկը:

Իր ցուցմունքներում ԿԲՀ սրտաբան-փորձագետ Հայկ Հովսեփյանը նշել է, որ հետազտության արդյունքների հիման վրա Տ. Մ.-ն ենթակա է զորակոչման: Ակնհայտ է, որ բժիշկը չէր կարող ցուցմունքներում հակասել իր կայացրած որոշմանը եւ հակառակը պնդել:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության ընթացքում Տ. Մ.-ի շահերի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս. Սողոմոնյանը 2018 թ. փետրվարի 15-ին միջնորդեց դատաբժշկական եւ ռազմաբժշկական համալիր փորձաքննություն նշանակել: Միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ «նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները բավարար չեն, թերի են եւ չեն հիմնավորում այն հանգամանքը որ Տ. Մ.-ն զորակոչից խուսափել է՝ առանց օրինական հիմքերի»:

Չնայած մեղադրող դատախազ Ս. Առաքելյանի առարկությանը՝ դատարանը բավարարեց միջնորդությունը եւ իր որոշմամբ ընդգծեց, որ «փորձաքննության նշանակումը կարող է գործի արդարացի լուծման համար կարեւոր նշանակություն ունենալ»: