Մեկ տարի առաջ «Վանաձոր բժշկական կենտրոնում» մահացած 32-ամյա ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի գործով մեղադրյալ բժիշկը նախաքննության ավարտին կրկին ցուցմունք է տվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ մեղադրյալ բժիշկ Դավիթ Շահվերդյանի շահերի պաշտպան Արտակ Ոսկանյանից: Բժշկի ցուցմունք տալու մասին միջնորդություն էր ներկայացրել Արտակ Ոսկանյանն, որը բավարարվել էր:
Նշենք, որ նախաքննության ավարտաին Արտակ Ոսկանյանը մի շարք այլ միջնորդություններ էր ներկայացրել, որոնցից բավարարվել են միայն երկուսը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանը մահացել է 2016 թվականի հոկտեմբերի 18-ին Վանաձորի ԲԿ-ում: Հարուցված քրեական գործի շրջանակում նշանակված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ 32-ամյա կնոջ ծննդաբերությունից հետո մանկաբարձ-գինեկոլոգների կողմից չեն կատարվել ծննդկանի հետծննդաբերական արյունահոսության հիմնական աղբյուր հանդիսացող վնասվածքի՝ արգանդի պատռվածքի վերականգնում եւ արյունահոսության դադարեցում։ Ըստ փորձագետների՝ ծննդկանի նկատմամբ չեն կատարվել բժշկական անհրաժեշտ միջոցառումները, ինչի արդյունքում ծննդկանի մոտ արյունահոսական բարդությունները շարունակվել են ու հանգեցրել մահվան:
Գործով մեղադրանք է առաջադրվել Վանաձորի ԲԿ-ի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանին եւ մանկաբարձ-գինեկոլոգ Ա. Բալայանին: Վերջինս այս տարվա հոկետեմբերին ավտովթարի հետեւանքով մահացել է:




























