Լատվիայի Պետական եկամուտների ծառայության գլխավոր տնօրեն Իլզե Ցիրուլեն մարտի 10-ին մահացած է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է հանրապետության ոստիկանության հաղորդագրության մեջ:
«Ցիրուլեի մարմինը հայտնաբերվել է շաբաթ՝ մարտի 10-ին, իր բնակության վայրում», - ասել են ոստիկանությունից: Նախնական տվյալների համաձայն՝ բռնության նշաններ չեն հայտնաբերվել: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Վարչապետ Մարիս Կուչինսկիսը կատարվածը քննարկել է ֆինանսների նախարար Դանա Ռեյզնիյեցե-Օզոլոյի հետ, նրանք պայմանավորվել են ծառայության պաշտոնակատար նշանակել:
Պետական եկամուտների ծառայության գլխավոր տնօրենի պաշտոնում Իլզե Ցիրուլեին առաջադրվել էր ֆինանսների նախարար Դանա Ռեյզնիյեցե-Օզոլան, պաշտոնապես նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2016-ի նոյեմբերի 14-ին: Իլզե Ցիրուլեն 53 տարեկան էր: Նա ամուսնացած էր, ուներ 2 երեխա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լատվիայի բանկի տնօրեն Իլմարա Ռիմշեւիչին կոռուպցիայի մեջ են մեղադրում:




























