Քաղաքական բանտարկյալ է անձը, որն իր կարծիքի, իր համոզմունքների համար ապօրինի քրեական հետապնդման է ենթարկվել։ Այդ մասին Ազատության հրապարակում «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքում հայտարարել է  իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

«Այսօր այն մարդիկ, որոնք հետապնդվում են դատարաններում ապօրինի հետապնդման (Ժիրայր Սեֆիլյան, Անդրիաս Ղուկասյան, Գեւորգ Սաֆարյան), որեւէ քրեորեն դատապարտելի արարք չեն կատարել»,- ասել է Սաքունցը։

Նա նշել է, որ Հայաստանում որեւէ բովանդակային փոխոխություն չի կարող կատարվել, քանի դեռ երկրում կան քաղբանտարկյալներ։ Նա նշեց, թե արատավոր երեւույթ է, երբ մարդուն քաղաքական բանտարկյալ են դիտարկում ըստ քաղաքական նպատակահարմարության։ «Եթե կա կարծիքի համար ապօրինի հետապնդման մեկ դեպք, որեւէ մեկը չի կարող երաշխիք ունենալ, որ ինքն էլ չի կարող ենթարկվել ապօրինի հետապնդման»,- ասել է Սաքունցը։

Նրա խոսքով, Հայաստանի Հանրապետության հիմնական «քաղցկեղը» կոռուպցիան է։ «Եթե մարդիկ ազատ չեն նույնիսկ իրենց տնտեսական գործունեության մեջ, ապա դրա հիմնական պատճառը կոռուպցիան է։ Մեր պահանջը ոչ միայն ապօրինի իշխանության շարունակականության դադարեցումն է, այլեւ կոռուպցիայի դեմ պայքարն է»,- ասել է Սաքունցը։