Այսպես կոչված՝ «վրացական բրենդների» պատմությունը նոր թափ է ստանում։ Այս անգամ վրացական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ վրացական բրենդները կեղծվում են Թուրքիայում։ Նշվում է, որ թուրքական շուկայում վրացական չուրչխելան եւ կոզինախը վաճառվում են որպես թուրքական բրենդներ։

Վրացական bizzone.info կայքը տեղեկացնում է, որ Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը «Գրուզպատենտ»-ի հետ կազմելու է վրացական ունիկալ բրենդների մի ցանկ, ուր կներառվեն 30 անվանումներ։ Ցանկը պատրաստ կլինի մինչեւ այս տարվա օգոստոս:

Այդ ցանկի մեջ մտնող բրենդները կարտոնագրվեն, որից հետո կպաշտպանվեն միջազգային օրենսդրությամբ։

Սակայն այլ է իրավիճակը գինիների հետ կապված։ Վրաստանի գյուղնախարարությունից պարզաբանել են, որ տվյալ դեպքում կարող են պատենտավորվել միայն աշխարհագրական անվանումները, ինչպես՝ «Խվանչկարան» կամ «Կինձմարաուլին», սակայն ոչ խաղողի սորտերը, ինչպես՝ «Սապերավին»։  Եթե մարդը ցանկանում է այդ սորտի խաղող աճեցնել աշխարհի ցանկացած այլ անկյունում, ապա ոչ մեկը դա չի կարող արգելել։